Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Եվրոպական միության
Տեղադրվել է 09-10-2017
Մեկնարկեց առաջին եվրոպական սպորտային փառատոնը
Նախատեսված են գոլֆի, մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարեր եւ լեռնային հեծանվավազք:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից առաջին անգամ անցկացվող սպորտային փառատոնը մեկնարկեց մեր երկրի գոլֆի միակ ակումբում: Փառատոնը նպատակ ունի նպաստելու առողջ ու ակտիվ կենսակերպին:

Եվրոպական սպորտային փառատոնի առաջին օրը կայացան ընտանեկան գոլֆի եւ մինի-գոլֆի մրցաշարերի առաջին վարպետության դասերը: Մինչ մասնակիցները կգրանցվեին գոլֆի վարպետության դասերին մասնակցելու համար, առաջին հարվածը կատարեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Ի դեպ, նախարարի տեղակալի համար դա գոլֆ խաղալու առաջին փորձն էր:

«Տպավորված եմ: Հետագայում եւս ուժերս կփորձեմ գոլֆում: Այն իսկապես հետաքրքրեց ինձ»,- նշեց Գաբրիել Ղազարյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարեւոր է եւ պետք է անպայման պարբերական բնույթ ունենա՝ ներառելով նորանոր շահառուների:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ առաջին անգամ կազմակերպված սպորտային փառատոնը կխթանի զանազան մրցաշարերում մարդկանց մասնակցությունը, ինչպես նաեւ կնպաստի սպորտային տուրիզմի զարգացմանը, քանի որ Հայաստանն ունի համապատասխան գեղատեսիլ լանդշաֆտներ՝ անգամ աշխարհի գոլֆի լավագույն ակումբների հետ մրցակցելու համար:

«Գոլֆ խաղալ սովորել եմ Աֆրիկայում, երբ Քենիայում էի: Այդ երկիրը հարուստ չէ, սակայն միայն մայրաքաղաքում գոլֆի 7 ակումբ կա»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Գոլֆի եւ մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարերին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել եւ հոկտեմբերի 7-ից 21-ը մասնակցել վարպետության դասերի: Մրցումային փուլը կլինի հոկտեմբերի 22-ին:

Առաջին անգամ անցկացվող Եվրոպական սպորտային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին կանցկացվի նաեւ լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների եւ մեծահասակների համար: Հեծանվավազքին մասնակցելու է նաեւ մարզաձեւի սիրահար Պյոտր Սվիտալսկին: