Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2017
Հայկական գինու լավագույն ավանդույթները
«Որտեղ հաց, էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի». հայկական ժողովրդական այս ասացվածքն իզուր չէ ասված: Էլ ինչ հայկական սեղան` առանց ավանդական հայկական գինու:

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ աստվածաշնչյան հայտնի պատմության` խաղողագործության եւ գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համն այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որը, ուտելով խաղողի վայրի պտուղները, հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով…»:
Շառլ Ազնավուր

Լավագույն ավանդույթների խոսուն վկան է նաեւ արդեն ավանդական դարձած Արենիի գինու փառատոնը: Արենին գյուղ է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։ Այն հատկապես հայտնի է իր բարձր որակի գինիներով: Ամեն տարի այդ գյուղում կազմակերպվում են գինու փառատոներ, որոնք սովորաբար տեղի են ունենում աշնանը։ Փառատոնի շրջանակում մասնակիցները հյուրերին հյուրասիրում են գյուղում արտադրված լավագույն գինիները։

Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով եւ շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային եւ մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ եւ ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ, եւ մրցույթներ. օրինակ՝ «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» եւ «Լավագույն տնական գինի»:

Փառատոնի անցկացումից անմասն չի մնում նաեւ Արցախի Հանրապետությունը: Առաջին անգամ Արցախում գինու փառատոն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին` Հադրութի շրջանի Տող գյուղում: Փառատոնի նպատակն Արցախի զբոսաշրջության եւ գինեգործության  զարգացումն էր։

Փառատոնի նախաձեռնողը եղել է Արցախի Հանրապետության զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը:

Փառատոնի ծրագիրը ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը, որը սկսում է՝ գինի ճզմելով, այնուհետեւ շարունակվում է արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով, Տողի մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրությամբ եւ իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառով, որտեղ ներկայացվում են Արցախի 5 շրջանների եւ Հայաստանի գինիները:

Պատկերասրահ՝ Արենիի գինու փառատոնը - 2017