Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2017
Ջոն Մալկովիչը Հայաստանի, 100 տարի անց ներկայացվելիք ֆիլմի ու երաժշտության մասին
Տարվա ամենաինքնատիպ մշակութային իրադարձություն. հենց այսպես կարելի է բնորոշել հոլիվուդյան լեգենդար դերասան Ջոն Մալկովիչի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հոկտեմբերի 11-ին կայանալիք համերգը:

Հանրահայտ դերասանի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ՝ ներկայացնելով հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» վեպի՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրած կոնցերտի ուղեկցությամբ: Eritasard.am-ը ներկայացնում է Ջոն Մալկովիչի մտքերը երեւանյան բացառիկ ասուլիսից: 



Ջոն Մալկովիչը՝ Սաբատոյի եւ համերգային ձեւաչափի մասին 

Այս գործն առաջին անգամ Կորեայի կամերային նվագախմբի հետ երեք տարի առաջ կատարվեց Սեուլում: Դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր: Վեպի այդ հատվածը, որն օգտագործել եմ, կոչվում է «Հաղորդագրություն կույրերի մասին»: Վերջերս շրջագայություն ենք արել Եվրոպայում: Սերգեյը, դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան եւ ես շրջագայությամբ հանդես ենք եկել նաեւ Արգենտինայում: 

Դասական երաժիշտների հետ մի քանի կատարումներ արդեն ունեցել եմ: 8-րդ նմանօրինակ դեպքն է, հոյակապ ապրումներ են, մեծ սիրով եմ հանդես գալիս: Երաժշտությունը համամարդկային ուժ է պարունակում, հատկապես կենդանի եւ դասական երաժշտությունը: Երաժիշտների հետ կատարումներից միշտ բավականություն եմ ստանում: 



Տեքստի ու երաժշտության համադրություն 

…Տեքստը երաժշտության հետ համադրելը մարտահրավեր է։ Մենք ուզում էինք զուգակցել տեքստն ու երաժշտությունը: Իհարկե, այնպես չէ, որ տեքստը պետք է փոխարինի երաժշտությանը, ո՛չ, տեքստը պետք է լրացնի երաժշտությանը: Իմաստը, կարծում եմ, այնպիսին կլինի, ինչպիսին յուրաքանչյուր ոք կընկալի: Երաժշտությունը պարանոյայի տարրեր է պարունակում. Սաբատոյի տեքստն էլ այդպիսին է։ Ստեղծագործության մեջ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ հերոսը վստահ է՝ աշխարհը կառավարում են կույրերը: Հնարավոր է, որ դա փոխաբերական իմաստով է ասվում։ 



Հայաստանի մասին 

Հայ ընկերներ ունեմ, Սերգեյն էլ իմ ընկերն է: Նաեւ ԱՄՆ-ում հայ ընկեր ունեմ, ով ֆիլմերի պրոդյուսեր է: Հայոց պատմության մասին հատուկ գրքեր չեմ կարդացել, բայց կարդացել եմ գրքեր, որոնցում խորապես ներկայացված է եղել Հայաստանի պատմությունը: 

…Գիտեմ նաեւ Ցեղասպանության մասին: Դե՛, ինչ կարելի է ասել այդ մասին… Աներեւակայելի է` ինչպիսի ահավոր քայլերի են ունակ մարդիկ:

…Հատուկ ուսումնասիրություն չեմ արել Հայաստանի մասին մինչ այցելությունս, որովհետեւ շատ զբաղված եմ եղել նախորդած օրերի ընթացքում, սակայն անհամբեր սպասել եմ այստեղ գալուս: 

…Հայկական կինոարտադրության մասին ոչինչ չգիտեմ։ Հայ կոմպոզիտորներից շատերի ստեղծագործությունները լսել եմ, Սերգեյն է ինձ ուղարկել, սակայն անուններ չեմ կարող նշել։



«100 տարի» ֆիլմի մասին 

Ֆրանսիական «Rémy Martin» ընկերության կողմից արված ֆիլմ է, որի ստեղծմանը ոգեշնչել է հարյուր տարի հնությամբ «Louis XIII» կոնյակը: Ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը: Այն պատրաստ կլինի 2115 թվականին: