Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-10-2017
Դեն Բրաունի նոր գիրքը ձոն է առ գիտության նվաճումները
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում լույս է տեսել հանրաճանաչ գրող Դեն Բրաունի նոր՝ «Ծագում» գիրքը, որը ներկայացնում է մարդկությանը տանջող գլխավոր հարցի՝ ծագումնաբանության ոչ աստվածաբանական պատասխանը։
Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Միացյալ Նահագներում եւ Մեծ Բրիտանիայում ընթերցասերները նոր «խաղալիք» են գտել՝ ի դեմս հանրաճանաչ գրող Դեն Բրաունի նոր գրքի։ «Դա Վինչիի կոդը» հեղափոխական գրքի հեղինակի նոր գործը վերնագրված է «Ծագում» (անգլերեն բնօրինակը՝ «Origin», հայերեն թարգմանության դեպքեր դեռեւս չկան)։ Վերնագիրն արդեն հուշում է, թե ինչ թեմա է արծարծվում գրքում. հեղինակը փորձել է տալ մարդկության ծագման առավել գիտական եւ ամենեւին ոչ աստվածաբանական տարբերակը։
 
Մեծ Բրիտանիայում «Ծագում» գիրքը լույս է տեսել «Transworld», իսկ ԱՄՆ-ում՝ «Doubleday» հրատարակչությունների կողմից՝ ավելի քան երկու միլիոն օրինակով։ Ակնկալվում է, որ արդեն հոկտեմբերի վերջին երկու հեղինակավոր հրատարակչություններն էլ կվերահրատարակեն գիրքը, քանի որ սպառումը մեծ է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Մեծ Բրիտանիայում։ Դեն Բրաունի տաղանդի երկրպագուները մեծ տեմպերով դատարկում են գրախանութները։

Գրքի հանգույցը ձեւավորվում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, խորհրդանիշների եւ կրոնական նշանագրության գիտակ Ռոբերտ Լենգդոնի շուրջ։ Ի դեպ, դա Դեն Բրաունի 5-րդ գիրքն է, որտեղ գլխավոր հերոսը Հարվարդի համալսարանի պրոֆեսորն է։ Ինչպես նախորդ դեպքերում, «Ծագում» գրքում եւս ընթերցողին Դեն Բրաունը ներգրավում է ինտելեկտուալ եւ արագ զարգացող գործողություններում, որոնք այս անգամ տեղի են ունենում Իսպանիայում։

Կյանքի համար վտանգավոր արկածներ, գաղտնի կազմակերպությունների, ազդեցիկ ու մեծ հնարավորությունների տեր անձանց ներգրավվածություն, գաղտնիքների բացահայտում, խորհրդանշանների միջոցով գլուխկոտրուկների լուծում, մարդկության խաղաղ ապագայի շուրջ քննարկումներ.... Ահա այն ամենը, որ ընթերցասերների շրջանում մշտապես արժեքավոր են դարձնում Դեն Բրաունի գրքերը։ «Ծագում» գրքում, այդ ամենից զատ, կա նաեւ նոր հերոս, ավելի ստույգ հերոսուհի՝ ի դեմս Ռոբերտ Լենգդոնի գերսեքսուալ, խիստ տաղանդավոր ու չափազանց խելացի ուղեկցուհու։ Դեն Բրաունի տաղանդի սիրահարների համար կարծես թե բոլոր հերոսները կան գրքում։

Ու չնայած վեպի սյուժեն հարուստ չէ, սակայն այն առավել գունեղ է դառնում Դեն Բրաունի՝ նկարագրությունների եւ դետալների մանրակրկիտ ներկայացման վարպետ լինելու շնորհիվ։ «Ծագում» վեպում բազմաթիվ են ճարտարապետական կառույցների եւ արվեստի նմուշների նկարագրությունները, մեծ տեղ է տրված նաեւ համաշխարհային պատմությանը եւ կրոնների առանձնահատկություններին։ Իրադարձություններն էլ ծավալվում են աշխարհի ամենագեղեցիկ թանգարաններում, արվեստի կենտրոններում ու Իսպանիայի քաղաքներում։

Վեպում արծարծվող հիմնական գաղափարը հետեւյալն է. կարո՞ղ է արդյոք գիտությունը վերջ տալ կրոնին՝ այն դարձնելով հնացած։

Թե արդյոք գիրքը կթարգմանվի հայերեն, դեռեւս հայտնի չէ։ Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպը հայերեն թարգմանած հրատարակչությունը որեւէ հայտարարություն չի արել։ Դեռ լռում են նաեւ մյուս հրատարակչությունները, սակայն հայտնի է, որ շատ շուտով գիրքը լույս կտեսնի ռուսերեն։ Բանակցություններ են ընթանում, որպեսզի մինչեւ տարեվերջ Դեն Բրաունի նոր գիրքը թարգմանվի կամ հրատարակվի ավելի քան 40 երկրում (Հայաստանի մասին որեւէ նշում կամ հիշատակություն մինչեւ այսօր չկա)։

 
Կարդա՞լ «Ծագում» վեպն անգլերեն, թե՞ սպասել հայերեն տարբերակին 
 
«Երիտասարդ» առցանց պորտալի թղթակից Հարություն Ծատրյանը հասցրել է կարդալ Դեն Բրաունի նոր գիրքը եւ առանձնացրել այն ամենը, ինչը որպես ուղեցույց կարող է ծառայել հայ ընթերցասերների համար։

Եթե կարդացել ու սիրել եք Դեն Բրաունի նախորդ վեպերից գոնե մեկը, ապա գտե՛ք հնար կարդալու նաեւ «Ծագում» վեպը։ Այն լավագույնը չէ, սակայն չափազանց լավ է ներկայացնում այն ձեւաչափը, որն առկա է հեղինակի՝ Ռոբերտ Լենգդոնի մասին գրած մյուս վեպերում։
Եթե հետաքրքրված եք կրոնների պատմությամբ, սիրում եք գաղտնիքներ փորփրել ու կարդալ դավադրությունների տեսության մասին, ապա Դեն Բրաունը Ձեր լավագույն ընտրությունն է, իսկ «Ծագում» վեպը՝ լավագույն գիրքը, որին արժե ծանոթ լինել։
Գիտաֆանտաստիկ գրականության սիրահա՞ր եք, պաշտո՞ւմ եք, երբ հեղինակը մեծ տեղ է տալիս գիտական եզրույթների կիրառությանը. եթե նշյալ հարցերին պետք է տաք դրական պատասխան, ապա կարդացե՛ք «Ծագում» վեպը։ 
Գլխապտույտ առաջացնող իրադարձություններ, արագ զարգացում եւ գաղտնիքների բացահայտում. արկածային վեպերի սիրահարներին եւս Դեն Բրաունի նոր գիրքը դուր կգա։
Անընդհատ ճամփորդություն, մեկ քաղաքից դեպի մյուսը տանող անդադար վազք, որը գրեթե երբեք չի դադարելու ամբողջ գրքում։ Եթե կորցնեք վեպի սյուժետային շղթան, ապա հետագայում խնդիրներ կունենաք վեպը հասկանալու, ինչու ոչ, նաեւ սիրելու առումով։

«Ծագում» վեպը, բացի հետաքրքրություն շարժելուց, կարող է նաեւ անտեսվել շատ եւ շատ ընթերցասերների կողմից, ովքեր չեն ցանկանա կարդալ Դեն Բրաունի աշխատանքը մի քանի ոչ դրական առանձնահատկությունների պատճառով։
 
Չնայած Դեն Բրաունն աչքի է ընկնում հերոսների, դեպքերի եւ պատմությունների մանրամասն կերտմամբ, բայց պարզվում է, որ Իսպանիայում քաղաքական ուղու ղեկավարը ոչ թե վարչապետն է, այլ նախագահը։ Սա բացթողում է, որի համար Դեն Բրաունը կարող է եւ չներվել։
Ընթերցողները կարող են եւ արհամարհել «Ծագում» վեպը, քանի որ վերջին օրերին ամենուր եւ անընդհատ խոսվում է Իսպանիայի, դրա մաս հանդիսացող Կատալոնիայի անկախության մասին։ Գրքում ներկայացված բազմաթիվ դեպքեր տեղի են ունենում Կատալոնիայում, որը գրքում շարունակվում է համարվել Իսպանիայի անբաժանելի մաս եւ երկրի մշակույթի անքակտելի ժառանգություն։
Որեւէ նորարարությամբ Դեն Բրաունը հանդես չի եկել։ «Ծագում» վեպը չունի այն, ինչն անսպասելի կլիներ հեղինակի հետեւորդների համար։ Սա վեպ է, որտեղ Դեն Բրաունը կիրառել է այն ամենը, ինչն առկա է իր գրական զինանոցում։
Եթե, այնուամենայնիվ, որոշեցիք կարդալ «Ծագում» վեպը, ապա հիշե՛ք, որ հենց այս պահին այն հասանելի է միայն անգլերեն տարբերակով։ Գրքի արժեքը տատանվում է 15-40 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված, թե ինչ տարբերակով եք ցանկանում ձեռք բերել գիրքը։