Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-10-2017
Տեղի ունեցավ «Ես հայ եմ» երգի տեսահոլովակի պրեմիերան
«Ես հայ եմ». այսպես է կոչվում Լիլի Գրիգորյանի մանկական երաժշտական նոր նախագիծը: Համանուն երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին:



Ստեղծագործական աշխատանքներին ներգրավված են եղել երեխաներ հայկական համեմատաբար մեծ գաղթօջախներ ունեցող երկրներից` Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ այլն:



Երգի հեղինակ Լիլի Գրիգորյանի խոսքով՝ «Ես հայ եմ»-ի գաղափարը հայ մնալն է. «Ես՝ տեսնելով, թե Հայաստանում ինչ է կատարվում տարվա 4 եղանակներին, օտար երկրներից ինչքան հայ երեխաներ են գալիս, նրանց աչքերում զգալով կարոտը, ուղղակի չէի կարող նման երգ չգրել եւ նրանց չնվիրել: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Սփյուռք կապը կլինի «Ես հայ եմ» երգի միջոցով»:



Երեկոյի ընթացքում, բացի տեսահոլովակից, ներկայացվեց տեսանյութ, որը ցույց էր տալիս, թե ինչ է կատարվել կադրից դուրս: Նկարահանումներին մասնակցած երեխաներն էլ պատմեցին իրենց տպավորությունների, ստեղծագործական աշխատանքի մասին: Լոնդոնաբնակ Էրիկ Անտոնյանն էլ տեսանյութի միջոցով ուղղեց իր ողջույնի խոսքը:



«Ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ դարձել եմ «Ես հայ եմ» տեսահոլովակի նման գեղեցիկ աշխատանքի մասնակիցը: Ինձ նման շատ երեխաներ են ապրում Սփյուռքում, եւ մենք բոլորս ունենք հայրենիքի հետ շփման կարիք: Ես երջանիկ եմ, որ այս երգի շնորհիվ եկա Հայաստան»,- ասաց նա:



Տեսահոլովակի գեղարվեստական ղեկավարը Լիլիթ Բադալյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը, գործիքավորումը կատարել է Նիք Եգիբյանը:



Նշենք, որ Լիլի Գրիգորյանը հեղինակել է նաեւ «Ապրել խաղաղ» նախագիծը, որի հիմնական նպատակը խաղաղություն քարոզելն էր: Այդ տեսահոլովակի մասնակից երեխաների մի մասը նկարահանվել է նաեւ «Ես հայ եմ»-ում: