Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-10-2017
Տասնյակ օդապարիկներ՝ մայրաքաղաքի երկնքում
«Էրեբունի-Երեւան 2799»-ի շրջանակում Երեւանում հոկտեմբերի 14-ից 17-ն առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոնը:

«Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը կազմակերպել են Երեւանի քաղաքապետարանը եւ «Skyball» ընկերությունը:

Փառատոնի պաշտոնական բացումը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, տեղի կունենա Հանրապետության հրապարակում: Նախատեսվում է նաեւ համերգային ծրագիր: Օդապարիկների թռիչքների նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 17:00-ին, քաղաքի վարչական տարածքի վրա կմեկնարկի բոլոր օդապարիկների թռիչքը՝ մեկ ու կես ժամ տեւողությամբ: 

Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից եւ Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երեւանի երկնքում եւ վայրէջք կկատարեն Երեւանի վարչական սահմաններից դուրս: Կազմակերպիչները նշում են, որ ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով մասնակից երկրների ցանկը: Երեւանի քաղաքապետարանի գովազդի եւ արտաքին ձեւավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ «Սիրի՛ր եւ զգա՛ Երեւանը» կոնցեպտի շրջանակում փորձում են մայրաքաղաքը ցույց տալ նաեւ երկնքից:  

«Այս փառատոնի շրջանակում, որն անցկացվելու է 3 օր, ազատ թռիչք կլինի, մայրաքաղաքի երկնքում կտեսնեք 14  օդապարիկներ: Երեւանյան տոնական միջոցառումների ցանկում ներառված այս նորամուծությունը նվեր կլինի երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար»,- ասում է  Արազ Բաղդասարյանը:

Նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին կարող են մասնակցել նաեւ Երեւան քաղաքի բնակիչները: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական շոու ծրագրով: 

«Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ հավելեց, որ թռիչքների ուղղություններն այս պահին դեռ պարզ չեն, որովհետեւ օդապարիկը թռչում է քամու ուղղությամբ:

«Հոկտեմբերի 15-ին՝ 19:00-ին՝ մութն ընկնելուն պես, մեր քաղաքացիները եւ քաղաքի հյուրերն ականատես կլինեն օդապարիկների գիշերային լուսավորությանը, որը բավականին գեղեցիկ է: Սա կկրի պարբերական բնույթ, հաջորդ տարիներին եւս կկարողանանք իրականացնել նման միջոցառումներ»,-ասում է Նաիրի Բարսեղյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին եւ 17-ին թռիչքներ են նախատեսվում նաեւ Գառնիում ու Սեւանում: Օրերի եւ իրականացման վայրերի հնարավոր փոփոխությունները կախված են լինելու եղանակային պայմաններից: