Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Ռուզաննա Պետրոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 11-10-2017
Ռուզաննա Պետրոսյան. «Աշխատանքիդ արդյունքն էլ մոռացնել է տալիս դժվարությունները»
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության մասնակիցներին` այն երիտասարդներին, ովքեր իրենց բնագավառում նշանակալի հաջողությունների են հասել:

Մեր զրուցակիցը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետին կից ուսումնական լաբորատորիայի ավագ լաբորանտ Ռուզաննա Պետրոսյանն է, ով ընդգրկված է եղել «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ բնապահպան» մրցույթում: 



Ռուզաննան մի շարք դրամաշնորհային (ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան) ծրագրերի շրջանակում թե՛ որպես ծրագրի ղեկավար, թե՛ մասնակից նշանակալի աշխատանքներ է իրականացրել հազվագյուտ եւ ոչնչացման վտանգի տակ գտնվող ժայռային մողեսների ուսումնասիրության եւ պահպանության ուղղությամբ, հանրակրթական դպրոցներում կազմակերպել է դասընթացներ՝ աշակերտներին իրազեկելով անհետացման եզրին գտնվող եզակի տեսակների մասին եւ բազմիցս շեշտադրել դրանց պահպանության կարեւորությունը: 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի ղեկավարությամբ հիմնել է ոչնչացման եզրին գտնվող մողեսների պահպանության  համար անհրաժեշտ պայմաններն ապահովող լաբորատորիա, որտեղ բազմացող տեսակները կվերադարձվեն վայրի բնություն: 



- Ռուզաննա՛, չափազանց հետաքրքիր մասնագիտություն եք ընտրել. ինչո՞ւ սկսեցիք զբաղվել հենց մողեսների ուսումնասիրությամբ: 

- Ծնվել եմ Արարատի մարզի Ռանչպար գյուղում, ավարտել գյուղի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: Ինչո՞ւ ընտրեցի այս ճանապարհը. պատճառն առաջին հերթին այն մեծ սերն է, որ մանկուց տածել եմ բնության եւ կենդանիների նկատմամբ: Սերը, կարելի է ասել, պապիցս եմ «ժառանգել». նա պարզապես պաշտում էր կենդանիներին: Երբ որեւէ թռչուն կամ կենդանի էի տեսնում ու խնդրում, որ նրան տուն տանենք, պապս համբերատար բացատրում էր, որ կենդանին եւս զգալու ունակություն ունի,  նա եւս ազատություն է սիրում ու ապրել է ուզում: Հենց պապիս սերմանած այդ սերն էր, որ հասունացավ ու ուղղություն ձեռք բերեց: 

Ի սկզբանե ընտրեցի կենսաքիմիա բաժինը: 2-րդ կուրսում հանդիպեցի կենս․ գիտ․ դոկտոր Մարինե Առաքելյանին (ներկայում՝ Կենդանաբանության ամբիոնի վարիչ) եւ նրա  ղեկավարությամբ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ընթացքում էլ սկսեցի հետաքրքրվել սողուններով: Շատերի համար գուցե փոքր-ինչ տարօրինակ թվա իմ ընտրությունը, սակայն երբ սկսեցի ճանաչել այդ զարմանահրաշ աշխարհը, հատկապես Հայաստանում հանդիպող սողունների եզակի տեսակները, այլ ճանապարհ չէի պատկերացնում (ժպտում է): 



Ի դեպ, շատերը նույնիսկ դեմ էին իմ ընտրությանը, եւ առաջին հերթին՝ ծնողներս: Պատճառներից մեկը, թերեւս, այն է, որ մարդկանց մեծամասնությունը վախենում է սողուններից,  քանի որ սողուն բառն անմիջապես ասոցացվում է միայն օձերի հետ, ընդ որում՝ թունավոր: Մայրս էլ պարզապես սարսափում է սողուններից: Երբեմն, աշխատանքով պայմանավորված, ես սողուններ էի տուն տանում եւ միայն նրանց բաց թողնելուց հետո էի մայրիկիս պատմում այդ մասին: Ժամանակի ընթացքում ծնողներս համակերպվեցին իմ ընտրության հետ, իսկ հետաքրքիր հետազոտությունների արդյունքները, իմ հաջողությունները տեսնելով՝ նույնիսկ սկսեցին ոգեւորել: 

Ավարտելով բակալավրիատը՝ մագիստրատուրան շարունակեցի Կենդանաբանության ամբիոնում: Մագիստրոսական թեզս նվիրված էր անդրկովկասյան բազմագույն մողեսիկի (Eremias arguta transcaucasica) եւ անդրկովկասյան տակիրային կլորագլխի (Phrynocephalus horvathi) ուսումնասիրությանը եւ պահպանության խնդրին: Այժմ էլ ընթացքի մեջ է թեկնածուական ատենախոսությունս, որը նվիրված է ոչնչացման վտանգի տակ գտնվող այդ եւ մի քանի այլ ժայռային մողեսների ուսումնասիրությանը:



- Հետաքրքիր է՝ մեր երկրում հանիպող մողեսների քանի՞ տեսակ է այսօր ոչնչացման եզրին: 

- Մեր երկրում հանդիպում է ընդհանուր սողունների շուրջ 60, մողեսների՝ 29 տեսակ: «Կարմիր գրքում» գրանցված տեսակների թիվն էլ, ցավոք, տարեցտարի մեծանում է: Այժմ դրանք մեկ տասնյակից ավելի են: Դրանցից է անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, որի պահպանության խնդիրը խիստ հրատապ է: Նրան սպառնացող վտանգներից առաջնայինը, թերեւս, այդ մողեսով սնվող կենդանիներն են, ինչպես նաեւ գյուղատնտեսական աշխատանքները, որոնց ընթացքում, ցավոք, ոչնչանում են նրանց բները, եւ արիալը փոքրանում է:  Օրինակ՝ ռոստոմբեկովի ժայռային մողեսը (Darevskia rostombekowi) հանդիպում է Դիլիջանում եւ ապրում է  ճանապարհներին մոտ տեղակայված քարերի վրա, ինչով էլ պայմանավորված՝ ավելի է մեծանում դրա ոչնչացման վտանգը: 

Նշված մողեսների պահպանության խնդիրը հրատապ է ամբողջ աշխարհում, եւ դրանք գրանցված են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային «Կարմիր գրքում»: Սողունների   պոպուլյացիաները շատ փոքր թիվ են կազմում: Մենք յուրաքանչյուր տարի հաշվարկներ ենք իրականացնում, եւ դրանք անընդհատ նվազում են: Նվազման միտումը նկատելի է հատկապես այս տարի, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է 2017 թվականի ձմռան խստությամբ: 



- Ես տեղեկացա, որ փորձ է արվում լաբորատոր պայմաններում բազմացնել ոչնչացման եզրին գտնվող առանձին տեսակներ եւ վերադարձնել վայրի բնություն…

- Լաբորատորիայում մի շարք աշխատանքներ են իրականացվում, որոնցից մեկը, այո՛, ոչնչացման եզրին գտնվող տեսակների բազմացումն է: Լաբորատորիան ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով, որպեսզի սողունները ձվադրեն: Մենք խնամում ենք ձագերին, դարձնում մեկ տարեկան եւ վերադարձնում բնություն: Ի թիվս այլ աշխատանքների՝ իրականացվում է նաեւ տերմոռեգուլիացիա. որոշվում է, թե, դիցուք, ռոստոմբեկովի ժայռային մողեսը որ ջերմաստիճանն է նախընտրում լաբորատոր պայմաններում: Դա մեզ հնարավորություն է տալիս իմանալու, թե որ տարածաշրջանում նա կարող է գոյատեւել:

Այս պահին մեր լաբորատորիայում բազմացվում է 2 տեսակ՝ անդրկովկասյան բազմագույն մողեսիկը եւ ռոստոմբեկովի ժայռային մողեսը: Նրանք բավականին նուրբ կենդանիներ են եւ մշտական խնամքի պահանջ ունեն: Անգամ եղել են այնպիսի դեպքեր, երբ ձվից նոր դուրս եկած մողեսներին տարել եմ տուն,  արձակուրդի ընթացքում խնամել, ապա վերադարձրել լաբորատորիա:  



- Մի շարք դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Դուք բավականին նշանակալի աշխատանքներ եք իրականացրել սողունների ուսումնասիրության եւ պահպանության առումով: Խնդրում եմ՝ ներկայացրե՛ք դրանցից մի քանիսը:

- Երրորդ կուրսի ուսանողուհի էի, երբ իմ առաջին ծրագիրն արժանացավ դրամաշնորհի, որի շրջանակում իմ ղեկավարի օգնությամբ Գոռավանի տարածքում իրականացրինք անդրկովկասյան բազմագույն մողեսիկի պահպանությանն ուղղված աշխատանքներ:

2016 թ.-ին իմ ղեկավարած ծրագիրն արժանացել է «Rufford Small Grant» դրամաշնորհին՝ անհետացման եզրին գտնվող անդրկովկասյան բազմագույն մողեսիկի պահպանության համար: Նույն թվականին արժանացել եմ «The Mohamed bin Zayed Species Conservation Fund» դրամաշնորհին՝  ռոստոմբեկովի ժայռային մողեսի պահպանության եւ ուսումնասիրության համար: Քանի որ այն գրանցված է նաեւ միջազգային «Կարմիր գրքում» եւ լուրջ հետաքրքրություն է ներկայացնում ամբողջ աշխարհում, տպագրվել է թեզիս, որը ներկայացվել է Կիպրոսում տեղի ունեցած «9th Symposium on the Lacertids of the Mediterranean Basin» գիտաժողովում: 



Մասնակցել եմ մի շարք այլ ծրագրերի եւս, որոնք նույնպես արժանացել են արտասահմանյան դրամաշնորհների:  

Եվ իհարկե կցանկանայի խոսել նաեւ հայաստանյան դրամաշնորհային ծրագրերի մասին:  2016 թ.-ին ծրագրով դիմել եմ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» (ԵԳԱԾ), եւ մեր լաբորատորիան համալրվել է անհրաժեշտ նյութերով ու սարքավորումներով: Հայաստանյան եւ արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերի ֆոնդերն անհամեմատելի են, բայց չեմ կարող ասել, թե մեր պետության կողմից խնդիրն անտարբերության է մատնված: Կցանկանայի, որ շահագրգռվածությունն ավելի մեծ լիներ, քանի որ իսկապես իրավիճակը բավականին կրիտիկական է, ընդ որում՝ ոչ միայն սողունների, այլեւ ընդհանուր կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի առումով: 



- Ի՞նչ դժվարությունների եք բախվել Ձեր գործունեության ընթացքում: 

- Դժվարությունները, հիասթափությունները յուրաքանչյուր աշխատանքի մեջ անխուսափելի են: Դրանք եղել են, եւ չեմ կարող ասել, թե ամբողջությամբ հաղթահարված են: Սակայն ես իմունիտետ եմ ձեռք բերել դրանց նկատմամբ եւ կարողանում եմ ուժ գտնել ու շարունակել աշխատել, անընդհատ նայել առաջ: Աշխատանքի արդյունքն էլ մոռացնել է տալիս բոլոր դժվարությունները: Ինձ առաջ է մղում եւ ուժ է տալիս այն հույսը, որ մեր աշխատանքները կնպաստեն այն բանին, որ ապագա սերունդը եւս կտեսնի այսօր ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիներին: 



- Ռուզաննա՛, ի՞նչ նախասիրություններ ունեք: 

- Աշխատանքային գրաֆիկս բավականին խիտ է,  նախասիրությունների համար գրեթե ժամանակ չեմ գտնում: Սակայն սիրում եմ կիթառ նվագել, հատկապես երբ հոգնած եմ: Բնությունն եմ սիրում, եւ աշխատանքի բերումով ամբողջ Հայաստանում ճանապարհորդելն ինձ համար հաճույք է: 7 ամսական բալիկ ունեմ, ով ինձ հետ արդեն «ուսումնասիրություններ է կատարում», ինձ հետ է թե՛ համալսարանում, թե՛ արշավների ժամանակ: