Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Դիանա Շատվերյանի ֆեյսբուքյան էջից և Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-10-2017
Դիանա Շատվերյան. «Ոճը չի կարող մարդուն չառանձնացնել»
Նորաձեւությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն: Կոկո Շանել
Նորաձեւության, ոճի ու ճաշակի, ինչպես նաեւ այս աշուն-ձմեռ եղանակի թրենդների մասին զրուցել ենք դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանի հետ:
 
- Այս աշուն-ձմեռ սեզոնին ի՞նչը նորաձեւ կլինի:

- Շատ գլոբալ հարց է, ասեմ հիմնականները: Առաջին հերթին նշեմ կարմիր գույնը: Ինչ վերաբերում է «print»-ներին, վանդակներն են շատ նորաձեւ լինելու՝ ցանկացած չափի, ձեւի եւ գույնի: Անգամ այն գույների վանդակները, որ մենք երբեւէ չէինք պատկերացնում, որ կարելի է իրար հետ համադրել, դիզայներների կողմից ներկայացվում են միասին: Սեւ ու սպիտակ համադրությունն էլ է շատ նորաձեւ այս տարի, «гусиные лапки» (սագի թաթեր) ասվածը՝ նորից ցանկացած չափի, եւ մի փոքր ավելի հաստ կտորները, խոսքը ոչ միայն վերարկուների, այլեւ զգեստների մասին է:

- Ո՞ր թրենդներն են արդեն զիջում դիրքերը:

- Իհարկե, ամառային ծաղկավոր զգեստները չեն կարող ձմռանը նորաձեւ լինել: Գործվածքային ծաղիկներն էլ այս տարի արդեն նորաձեւ չեն: Սակայն կաշին եւ մորթին, որոնք ձմեռային հիմնական թրենդներն են լինում, միեւնույնն է, պահում են իրենց դիրքերը: 



- Հագուստում հիմնականում ո՞ր սխալներն են փչացնում արտաքին տեսքը:

- Գիտեք, հիմա շատ դժվար է սխալվելը: Անկեղծ ասած, այս դարաշրջանում՝ համացանցի դարում, կան նորաձեւության բազմաթիվ կայքեր, որտեղից կարելի է նայել եւ, ինչու ոչ, սովորել՝ ինչպես գեղեցիկ հագնվել: Հիմա սպորտային ոճը համադրվում է դասականի հետ, համադրվում են անհամատեղելի գույներ, ուղղակի պետք է գրագետ հագնվել: Կան գույներ, որոնք կատեգորիկ իրար չեն սազում, կան նաեւ փայլուն զգեստներ, որոնց դեպքում անճաշակությունից շատ ճաշակով մի նուրբ եզր է: Կարելի է հագնել ցանկացած շոր, օրինակ՝ փայլուն զգեստ, բայց՝ ոչ համալսարանում: Պետք է ճիշտ ընտրել, օրինակ՝ բարձրակրունկ կոշիկները. կան այնպիսիները, որոնք կարելի է հագնել առօրյայում, եւ կան այնպիսիները, որոնցով գնում են երեկույթի: Այստեղ խնդիրը ոչ թե հագուստն է, այլ սխալ վայրում կիրառելը: Կան աղջիկներ, ովքեր երեկոյան զգեստով գնում են սրճարան՝ ուղղակի սրճելու: Այդպես կարելի է հագնվել հարսանիքի ժամանակ: Հաճախ էլ պատահում է, որ աղջիկները հարսանիքի գնում են հարսանեկան զգեստով՝ բաց վարդագույն կամ երկնագույն: Եթե մի քիչ արտասովոր հարս էլ լինի, որ այդ գույնի զգեստ հագնի, ոչնչով չի տարբերվի հյուրից: Ընկերական բիզնես հանդիպման ժամանակ էլ պարտադիր չէ հագնվելու բոլոր կանոնները պահպանել, բայց արտասահմանցիները երբեք չեն հասկանա՝ ինչու ես դու եկել, օրինակ, կարճ շորիկով, բարձրակրունկ կոշիկներով. քեզ լուրջ չեն ընկալի: Եվ եթե դիզայներներով են հավաքվում, պետք չէ «պոչիկ»-ով, տնային կոշիկներով գալ՝ մտածելով, որ դու դիզայներ ես, ու քեզ ամեն ինչ կարելի է: Դա էլ չեմ ընդունում, որովհետեւ ցանկացած մարդ սկզբում ընդունում է քո տեսքը, հետո դատողություններ է անում, թե արդյոք դու ի վիճակի՞ ես իրեն խորհուրդներ տալու, եթե դու այդ տեսքով ես ներկայանում:  

- Հայ տղամարդիկ ինչքանո՞վ են հետեւում նորաձեւությանը:

- Տղամարդիկ հիմա սկսել են հետեւել նորաձեւությանը: Մենք նույնիսկ հագուստի տեսականուց կարող ենք ենթադրություններ անել: Այսօր շուկայում հայտնվել են միջին ապրանքանիշներ, որոնք ունեն այնպիսի ապրանքներ, որոնց պահանջարկը կա: Եթե չլիներ պահանջարկ, մենք այդ առաջարկը չէինք ստեղծի: Դա նշանակում է, որ տղամարդիկ հետեւում են նորաձեւությանը: Իհարկե, կան տղամարդիկ, ովքեր իրենց դասական ոճը չեն դավաճանում, չնայած նրանք էլ են սկսում հետեւել, գունային ինչ-որ համադրություններ են անում: Աղջիկներն անգամ փոքր տարիքից հետեւում են նորաձեւությանը, ինչ-որ մեկին ընտրում են որպես հագնվելու իդեալ, իսկ տղամարդկանց դեպքում դա մի փոքր ուշ է լինում: 



- Ասում են, որ նորը լավ մոռացված հինն է: Նորաձեւությունը կրկնվում է: Արդյոք պե՞տք է նույնությամբ կրկնել այն, ինչը նորաձեւ էր, ասենք, 15 տարի առաջ:

- Նույնությամբ արդեն չի ստացվի. մարդիկ, տեխնոլոգիաները զարգանում են, կտորները փոխվում են: Մենք նորովի ենք ներկայացնում հինը, որովհետեւ արդեն 2017-ին հորինել են մի բան, որը դեռ չեն հագել, շատ բարդ է: Կարելի է այլ տեսանկյունից ներկայացնել, բայց հեծանիվ հորինել հնարավոր չէ: Եթե մենք տեսել ենք Լեդի Գագայի՝ մսերով զգեստը, դրանից ավելին, կարծում եմ, մարդու բանականությունը չի ների: Մետաղից զգեստ եղել է, պլաստմասսե եղել է, փայտե տաշեղներից ու ծաղիկներից եղել է: Ինչի՞ց կարող են մարդիկ հորինել, որպեսզի տարբերվեն: Դրա համար կրկնություն կա շատ հայտնի դիզայներների այդ տարվա հավաքածուների մեջ անգամ, որովհետեւ բոլորին թրենդները թելադրվում են ամենասկզբից: Եթե դիզայներների փակ ժողովին ասում են, որ այս տարի, օրինակ, բնությունն է նորաձեւ, հարցն այն է, թե ես եւ ուրիշն ինչպես կներկայացնենք դա: Հնարավոր է՝ ես էլ թութակին հավանեմ, մեկ ուրիշն էլ հավանի, եւ մեր երկուսի հավաքածուի մեջ էլ այն առկա լինի: Այնպես որ չկրկնվելու հավանականություն արդեն չկա, ուղղակի ամեն դեպքում փորձում ես անել ամեն ինչ, որ քո ոճն ուրիշներից տարբերվի:

- Կարելի՞ է զարգացնել ճաշակը, սովորել հագնվել ոճային, թե՞ այն ի վերուստ է տրված:

- Իհարկե, ի վերուստ էլ է տրված, բայց հնարավոր է նաեւ զարգացնել: Այդ էվոլյուցիան կարելի է նույնիսկ շատ հայտնի մարդկանց դեպքում նկատել: Կան մարդիկ, ովքեր, աստիճանաբար զարգանալով, ոճաբաններ, դիզայներներ ունենալով, ակամայից սովորում են, զգում են՝ ինչն է նորաձեւ: Եթե 5 տարի շարունակ քեզ ասում են, ապա 6-րդ տարին դու ինքնուրույն էլ ես կարողանում ընտրություն կատարել: Սկզբում, իհարկե, բարդ է, բայց հետո հաստատ սովորում ես: Ուղղակի ցանկություն է պետք: Շատ մարդիկ մտածում են, որ իրենք ամեն ինչ գիտեն, եւ իրենց ոչ ոք չպետք է սովորեցնի, եւ մնում են նույն տեղում՝ առանց հասկանալու, որ, օրինակ, արդեն ծիծաղելի տեսք ունեն:



- Ինչքանո՞վ է ոճի փոփոխությունն ազդում կյանքի վրա:

- Շատ մեծ ազդեցություն ունի: Բազմաթիվ փորձեր են անցկացրել ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ երեխաների վրա: Նույն երեխան ռեստորանում շփոթվում է եւ նստում է կողքի սեղանի շուրջ: Երբ որ շատ լավ է հագնված լինում, գեղեցիկ զգեստով, սանրվածքով, իրեն շատ լավ են ընդունում: Իսկ երբ նույն երեխայի ոճը լրիվ փոխում են, նույն իրավիճակն են ստեղծում, երեխային ասում են, որ դուրս գա այնտեղից: Ոճը չի կարող մարդուն չառանձնացնել:

- «Կինն ուզում է հագնվել այնպես, ինչպես ուրիշները, եւ տուժում է, եթե իսկապես հագնվում է այնպես, ինչպես ուրիշները»,- ասել է լեհ կինոգետ Լեշեկ Կումորը: Ինչպե՞ս հետեւել նորաձեւությանը եւ միեւնույն ժամանակ լինել ինքնատիպ:

- Կարծիքն ո՞վ է ձեւավորում. հասարակությունը: Եթե հասարակությունը տարիներ շարունակ ասում է, որ Օդրի Հեփբերնը ոճի իդեալ է, ապա այդպես էլ կա, այսինքն՝ մեկ-երկու հոգի չեն կարող հեղափոխություն անել եւ համաձայն չլինել իր ոճի հետ: Իհարկե, կլինեն այդպիսի մարդիկ, բայց եթե տասնյակ տարիներ տարբեր ոճի մարդիկ ասում են, որ ինքը լավ է հագնվել, ուրեմն ինչ-որ բան կա: Ինչքան էլ կրկնօրինակես, եթե քո ճաշակն ու բանականությունը բավականացրել է, որ դու ճաշակով մարդու նմանակես, ամեն դեպքում դու քոնը կարտահայտես այդ շորում: Իհարկե, պետք է սեփական կարծիքն ունենալ, բայց ամոթ չէ սկզբում սովորել ուրիշից: