Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Ջոն Մալկովիչին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 12-ին ընդունեց լեգենդար դերասան Ջոն Մալկովիչին:

Հանրահայտ արտիստի հետ Էջմիածնում էին նաեւ նրա տիկինը՝ Նիկոլետա Փերյանը, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ այլ հյուրեր, Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաեւ փառատոնի բացմանը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից հատված ընթերցելու համար: Նա ընդգծեց, որ ուրախ են հյուրընկալել Մալկովիչին Հայաստանում՝ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում։ Վեհափառ Հայրապետը լեգենդար դերասանին պատմեց հայոց եկեղեցու, մեր դարավոր հավատքի, հոգեւոր-մշակութային ժառանգության մասին, պատասխանեց դերասանի հարցերին:

Անվանի դերասանն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր եւ Սերգեյ Սմբատյանի համագործակցության արդյունքները, խոսեց ապագա ծրագրերի մասին։ 

Հիշեցնենք, որ Ջոն Մալկովիչը Հայաստանում մասնակցել է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացմանը՝ ելույթ ունենալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: