Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-10-2017
Արգենտինական տանգոյի երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում արգենտինական երեկո էր: Մի քանի ժամ հնչող արգենտինական երաժշտությունն ու տանգոյի պարային ռիթմերը ներկաներին «տեղափոխեցին» Արգենտինա:

Ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բարերար Էդուարդո Էռնեկյանը եւ այլք: 

Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում մեծ ուրախությամբ նշեց, որ Հայաստանում Արգենտինայի շաբաթը տոն է՝ մի կտոր արգենտինական արեւից. «Մենք տարվա  ընթացքում արեւի բազմաթիվ կտորներ ունեցանք: Տարին իսկապես հագեցած է համերգային լավ ծրագրերով: Տարին կարող եմ համարել մշակութային տարի, իսկ արգենտինական տանգոն միայն հավելումն էր այս բուռն տարվա: Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ այս տոնի կապակցությամբ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատանը, որը ջերմ եւ արեւային երեկո է պարգեւում մեզ»: 

ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա եղբայրական եւ բարեկամական հարաբերություններին: Ինչպես նշեց դեսպանը, երկու երկրների հարաբերությունները 25 տարով չեն սահմանափակվում. «Մենք Հայաստանի հետ ստեղծեցինք բարեկամության կայուն եւ ամուր կամուրջ: Այս տարիների ընթացքում արգենտինացիներն ու հայերը կարողացել են աշխատել միասին, կիսել արժեքները, ներդրումներ անել՝ զարգացնելով հարաբերությունները»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաստատելով դեսպանի խոսքերը, նշեց. «Մենք նշում ենք հարաբերությունների արծաթյա հոբելյանը՝ արծաթի երկիր Արգենտինայի հետ: Մեր երկկողմ հարաբերություններն ավելի երկար տարեգրություն ունեն, քան դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը: Շուրջ 100  տարի առաջ հայերը հաստատվեցին Արգենտինայում: Արգենտինան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հավելեց, որ Արգենտինայի հետ համագործակցության լայն շրջանակներ են գործում:  

Նշենք, որ Արգենտինայի տանգոյի շաբաթն իրականացվում է  Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Պատկերասրահ՝ Արգենտինյան տանգոյի երեկո