Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 18-10-2017
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ»՝ այլընտրանքային կրթության նոր ձեւաչափ
Հոկտեմբերի 17-ին «Այբ» դպրոցում կայացան «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» նախագծի այս տարվա վերջին՝ 5-րդ եւ 6-րդ վարպետության դասերը, որի խոսնակները ՏՏ ոլորտի գործարար Դավիթ Յանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էին, ովքեր համապատասխանաբար ներկայացան «Вызовы на пути к успеху» եւ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմաներով

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթից առաջ նշեց. «Հանրային դաշտի առաջնորդի օրակարգը ձեւավորում է ոչ այնքան ինքը՝ առաջնորդը, որքան ողջ հանրությունը: Առաջնորդության կարեւորագույն բաղադրիչներից է մարդկանց շատ սիրելն ու վստահելը»: 

Լրագրողների այն հարցին, թե հաջողության որ բանաձեւի շնորհիվ է, որ այսօր զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հաջողությունը կոնկրետ պաշտոն զբաղեցնելն է: Ես կարծում եմ, որ հաջողություն է, երբ մարդը սիրով է անում իրեն վստահված գործը: Հաջողությունը նաեւ այն զգացումն է, որ դու կարող ես ինչ-որ բան փոխել»: 

Անդրադառնալով հաջողություններին եւ ձախողումներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ մինչեւ չկա անկում, չկա գիտակցում, որ պետք է լինի նաեւ վերելք: Նա ավելի քան համոզված է, որ հաջողությունը ոչ թե միշտ ճիշտ քայլեր կատարելն է, այլ քո առջեւ խնդիր դնելը եւ այդ  խնդրի լուծմանը հասնելը: 

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» նախագծի մյուս բանախոսը՝ ՏՏ ոլորտի գործարար Դավիթ Յանը, նշեց. «Հաջողության հասնելու ամենակարեւոր բաղադրիչը թիմն է՝ բոլոր այն մարդիկ, ովքեր քո կողքին են: Հաջողությունը մեկ անձի նվաճումը չէ, այլ ամբողջ թիմի, ուստի ամենաճիշտ եւ կարեւորագույն քայլը, որ պետք է անի մարդը, գտնելն է նրանց, ովքեր մինչեւ վերջ կաջակցեն իրեն: Թիմային ոգին դրական արդյունքի երաշխիքն է»: 

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Երեւան Փրոդաքշնսի» նախաձեռնությամբ, եւ նախագծի բոլոր դասերն անվճար են մասնակցել ցանկացողների համար:

««Երեւան Փրոդաքշնսը» եւ «Այբ» կրթական հիմնադրամը մի քանի տարվա ընդմիջումից հետո վերսկսեցին «Հաջողության բանաձեւ» վարպետության դասերի շարքը: Այս նախագիծը մեր ամենասիրելիներից է միշտ եղել, քանի որ մենք հավատում ենք, որ արագ եւ հասանելի կրթության միջոցով ցանկացած հասարակությունում ու միջավայրում հնարավոր է հասնել փոփոխությունների: Իսկ միջավայրի բարեփոխումները մեր գործունեության հիմնական նպատակներից են», - ասում է «Երեւան Փրոդաքշնսի» քաղաքային նախագծերի ղեկավար Գայանե Մանուկյանը:

Անդրադառնալով նախագծի նպատակներին՝ «Հաջողության բանաձեւի» համակարգող, «Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության ավագ մասնագետ Աննա Վելիցյանն էլ նշում է. «Հաջողության բանաձեւի նպատակը շատ պարզ է՝ հայտնի, հաջողակ մարդկանց ու մասնագետների կյանքի եւ գործունեության իրական պատմությունները հասանելի դարձնել հայ լսարանին: «Հաջողության բանաձեւի» շրջանակում Հայաստան են գալիս մարդիկ, որոնց ամենամեծ կապիտալը սեփական փորձն է, եւ այդ փորձով կիսվում են մեր երիտասարդների հետ, որպեսզի նրանք ձեռք բերեն հավատ իրենց ուժերի հանդեպ, չվախենան սխալներից, ճիշտ կողմնորոշվեն բարդ իրավիճակներում եւ առհասարակ ինքնակրթվեն եւ զարգանան իրենց հետաքրքրող ոլորտներում: Եվ վարպետության դասերի այս շարքերը մասնակիցների համար միշտ եղել են եւ կլինեն անվճար»: