Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-10-2017
«Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» աշխատաժողով՝ Հայաստանում
Այսօր բացվեց «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրով միջազգային աշխատաժողովը:



Այն համատեղ կազմակերպել են ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը (US National Science Foundation-NSF) եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):



Աշխատաժողովին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ Կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետը կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնության համար, ինչպես նաեւ հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը եւ գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: 



«Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց եւ պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության եւ տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ: Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, որոնք կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին եւ կլինեն նորարարություններ ստեղծող եւ առաջարկող»,- նշեց վարչապետը:



Կարեն Կարապետյանը նաեւ հավելեց, որ այսօր աշխարհում մենք մեր զարգացմանը թափ հաղորդելու չափազանց լավ հնարավորություն ունենք: Այդ ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական եւ գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: 



«Պետությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին իր ողջ ներուժով: Մեզ բոլորիս՝ Կառավարությանը, Սփյուռքի եւ Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են մասնավորապես FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, եւ դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետեւողականորեն իրականացնել»,- ընդգծեց վարչապետ Կարեն Կարապետյանը:



FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարեւորեց աշխատաժողովի անցկացումն ու տարբեր երկրներից երիտասարդության մասնակցությունը. «Այն, ինչ կախված է գիտությունից, պետք է զարգանա, իսկ այս աշխատաժողովը երիտասարդների համար կատարյալ հնարավորություն է՝ իրենց նախասիրությունները, աշխատանքներն ու գաղափարները ներկայացնելու համար: Այս բնագավառի զարգացումն իսկապես կարեւոր է, ինչպես նաեւ սա կարեւոր է կենսագիտության ոլորտի համար: Հայաստանը հինավուրց երկիր է, եւ այստեղ ցանկացած առաջընթաց կարեւոր է, սակայն ոչ միայն առաջնահերթ է խելամիտ թվացող քայլերով առաջ շարժվելը, այլ ցատկերով: Ցատկային զարգացումը պիտի լինի առավելություն: Հենց այդպես պետք է Հայաստանում զարգացնել տեխնոլոգիաները»:



Աշխատաժողովի համանախագահ Արամ Գալստյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին եւ ներգրավված կամավորներին. «Դժվար է գերագնահատել վերափոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Գիտությունը զարգանում է, եւ մենք ականատես ենք լինում արդյունաբերական հեղափոխության, հասարակագիտությունը եւս վերափոխվում է»:



Նաիրա Հովակիմյանը, ով եւս աշխատաժողովի համանախագահն էր, փաստեց, որ մենք այստեղ ականատեսն ենք դառնում զարգացման: «Տարիներ հետո, երբ կտեսնենք այդ զարգացման արդյունքները, վստահորեն կարող ենք հաստատել, որ դրա հիմքերը Հայաստանում դրվել են հենց այս աշխատաժողովի ժամանակ»,- նշեց Նաիրա Հովակիմյանը եւ հավելեց, որ պատահական չէ, որ աշխատաժողովն անցկացվում է հենց Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանում երիտասարդները բացառիկ խելքով են օժտված:



Նշենք, որ աշխատաժողովը համախմբելու է տվյալագիտությամբ (Data Science) եւ հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողի՝ խթանելով միջգիտական կայուն համագործակցության եւ ոլորտում գիտության զարգացման հիմքերի ստեղծումը: Այն նպատակ ունի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների համար նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների հետ հաղորդակցվելու եւ հետագա համագործակցություն ծավալելու հարթակ դառնալ: