Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից և Հասմիկ Գյոզալյանի

Այս անգամ շարքի հերոսը ՊԲ զորամասերից մեկի տանկային դասակի եւ 321 հանրահայտ տանկի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Բենիամին Մոնթե Եղոյանն է, ով, իր անձնակազմի՝ տանկի նշանառու-օպերատոր, շարքային Վլադիմիր Ալիխանյանի, մեխանիկ-վարորդ, շարքային Տիգրան Աբգարյանի հետ գերազանց կատարելով մարտական խնդիրը, 2016 թ.-ի ապրիլի 2-3-ը ոչնչացրել է թշնամու 4 միավոր զրահատեխնիկա (3 տանկ, 1 ՀՄՄ), մեծ թվով գրոհայինների եւ անձնակազմի հետ հերոսաբար զոհվել ապրիլի 3-ին:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով: Արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի:
Վերածնված Մոնթեն
Մոնթեն անխռով քնած է մոր տաքուկ գրկում… Ու խաղաղ է փոքրիկի քունը մորեղբոր՝ հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Բենիամին Մոնթե Եղոյանի պաշտպանած հայրենիքում:
Գայանեն՝ զոհված հրամանատարի քույրը, կամացուկ շոյում է որդուն: Ասում է՝ ոսկեգույն մազերով սպիտակամաշկ փոքրիկը եղբորն է նման:
Նրա զոհվելուց ամիսներ անց՝ հունվարի 28-ին, լույս աշխարհ եկավ փոքրիկ Մոնթեն: Մանչուկի ծնունդը հրաշք էր, որին երկար էին սպասել ծնողները…
«Եղբորս զոհվելուց հետո՝ մի քանի ամիս անց, առաջին անգամ տեսա նրան երազում: Ասում էր. «Ես գործեր ունեմ, դրա համար եմ վերեւ բարձրացել: Ես այստեղ եմ պետք»: Ու այնքան իրական էր, այնքան իրական… Երբ հարցրի, թե ինչպես եմ ես դիմանալու, ինչպես եմ համակերպվելու իր կորստի հետ, հորդորեց. «Դու հանգի՛ստ իջիր, ես ամեն բան կանեմ»: Դրանից հետո իմացա, որ որդի եմ ունենալու: Որդուս ծնունդն իսկական հրաշք էր, որին սպասել էինք 7 տարի»,- պատմում է Բենիամին Մոնթե Եղոյանի քույրը՝ Գայանեն:
Նրա թաց աչքերում հանկարծ ժպիտ եմ նշմարում: Փոքրիկին կրծքին է սեղմում. «Որդիս պիտի Մոնթե մեծանա ու մորեղբոր կիսատ թողած գործը շարունակի»:
Շարքային Եղոյանը ներկայացել է Ձեր հրամանով…
Բենիամին Մոնթե Եղոյանը ծնվել է 1992 թ.-ի մայիսի 19-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Ի սկզբանե որոշված էր. նորածին տղան կրելու էր զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի անունը: Սակայն ընտանիքին պատուհասած մեծ դժբախտությունը փոխեց իրադարձությունների ընթացքը. ավագ որդին՝ Բենիամինը, դժբախտ պատահարի զոհ դարձավ, եւ փոքրիկին անվանեցին եղբոր անունով՝ Բենիամին:
«Բոլորս նրան Մոնթե էինք անվանում, քանի որ չափազանց դժվար էր նորածին եղբորս Բենիամին անունով դիմելը, եւ նրան ճանաչեցին որպես Մոնթե: Առաջին անգամ դպրոցում է իմացել, որ իր փաստաթղթային անունը Բենիամին է»- հիշում է քույրը:
Հայրը՝ Ներսես Եղոյանը (Բատյա), առաջին իսկ օրերից զինվորագրվել էր Արցախյան պատերազմին. Մեծ Մանթաշի ջոկատի հրամանատարն էր: Երբ Մոնթեն ծնվեց, հոր ազատամարտիկ ընկերները որպես նվեր փամփուշտներ բերեցին ու դրեցին երեխայի օրորոցի մեջ:
Քույրը պատմում է. «Եղբայրս 3-4 տարեկանում հագնում էր հայրիկիս զինվորական ճտքավոր կոշիկները, ձեռքերը դնում մեջքին եւ դեմքին հնարավորինս խիստ արտահայտություն հաղորդելով՝ քայլում տան մի ծայրից մյուսը, զինվորական հրամաններ տալիս: Երբ հայրս տուն էր մտնում, կանչում էր. «Շարքայի՛ն Եղոյան, ինձ մոտ»: Մոնթեն արագ պատվի էր առնում ու ներկայանում. «Շարքային Եղոյանը ներկայացել է Ձեր հրամանով»»:
Հայրը սովորեցրել էր Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը»: Մոնթեն տանը մի բարձր տեղ էր գտնում, կանգնում ու ոգեւորված արտասանում:
Սպարապետի նվերը
«Հայրս ու Վազգեն Սարգսյանը համակուրսեցիներ են եղել, մտերիմ ընկերներ, եւ արդեն պայմանավորվածություն կար, որ Վազգեն Սարգսյանը դառնալու է Մոնթեի կնքահայրը: Հայրս հաճախ սպարապետի մասին խոսելիս այդպես էլ արտահայտվում էր՝ քավորդ,- շարունակում է զրուցակիցս,- Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառման ժամանակ Մոնթեն, նկատելով Վազգեն Սարգսյանին, վազել է նրա հետեւից ու կանչել՝ քավո՜ր… Վազգենը գրկել է նրան, մոտեցրել տոնական սեղանին ու կատակել. «Մի կենաց էլ դու ասա՛»: 6-ամյա Մոնթեն բաժակը բարձրացրել է ու ասել՝ հայ ժողովրդի կենացը: Սպարապետն այդ ժամանակ իր կրծքից մի կրծքանշան է հանել ու ամրացրել եղբորս կրծքին»:
Կարծես հենց այդ ճանապարհն էլ պիտի ընտրեր…
Մոնթե Բենիամին Եղոյանը սովորել է Երեւանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցում, 5-րդ դասարանից կրթությունը շարունակել ՀՀ ՊՆ «Փոքր Մհեր» կրթահամալիրում, այնուհետեւ ընդունվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
«Նրա ընտրությունն էր: Չնայած տանը երբեք որեւէ խոսակցություն չէր եղել այդ մասին, բայց բոլորս էլ այդպես էինք պատկերացնում. կարծես հենց այդ ճանապարհն էլ պիտի ընտրեր: Այնքան հայրենասեր էր… Թեպետ երբեք չէր բարձրաձայնում այդ մասին: Երբեք չէր խոսում նաեւ իր ընտրած ճանապարհի մասին: Մի անգամ միայն, երբ հայրս հիվանդ էր, եղբայրս անկեղծացավ ինձ հետ՝ ասելով, որ ինքը կատարել է հորս երազանքը, քանի որ նա միշտ ցանկացել է իրեն զինվորական համազգեստով տեսնել,- հիշում է զրուցակիցս, ապա ժպիտով հավելում,- այնքան հաղթանդամ էր, կարծես հսկա լիներ: Բոլորը զարմանում էին, որ տանկիստ է: Մեծ դժվարությամբ էր իր չափսով տանկիստի համազգեստ հայթայթում»:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով՝ Բենիամին Մոնթե Եղոյանը ծառայության է անցել ՊԲ զորամասերից մեկում՝ որպես տանկային դասակի հրամանատար:
Քրոջ խոսքով՝ Մոնթեն սիրած աղջիկ ուներ: Մի օր էլ զանգահարել է ու ասել, որ ցանկանում է շատ արագ նշանադրվել. «Արցախից եկավ մի օրով, նշանադրվեց, հաջորդ օրը կրկին մեկնեց ծառայության: Որոշ ժամանակ անց նույն կերպ եկավ ու ամուսնացավ, կնոջ հետ մեկնեցին Արցախ: Այնքան գեղեցիկ ընտանիք էր… Ցավոք, գոնե մեկ տարի չկարողացան վայելել ընտանեկան երջանկությունը»:
Կհամարենք, որ մենք էլ մեր ծնողների նման մեր պարտքը կատարեցինք…
Բենիամին Մոնթե Եղոյանի հրամանատարությամբ 321 տանկի անձնակազմը լավագույններից մեկն էր համարվում զորամասում, եւ բնավ պատահական չէր, որ 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված մարտական գործողությունների ժամանակ առաջիններից մեկն է նետվել մարտադաշտ (հարավային ուղղություն):
Ապրիլի 2-3-ը տանկի անձնակազմը, գերազանց կատարելով առաջադրված մարտական խնդիրը, մտել է արդեն իսկ գրավված դիրքի տարածք, գետնին հավասարեցրել ու տրորել թշնամու կողմից այնտեղ արդեն տեղադրված դրոշը, ոչնչացրել հակառակորդի 4 միավոր զրահատեխնիկա (3 տանկ, 1 ՀՄՄ):
Պատմում են, որ մարտերի ժամանակ Մոնթեն ասել է. «Կհամարենք, որ մենք էլ մեր ծնողների նման մեր պարտքը կատարեցինք»:
Ցավոք, ապրիլի 3-ին՝ մարտական խնդիրը կատարելու ընթացքում, թշնամու կողմից խոցվեց 321 տանկը, որի անձնակազմը հերոսաբար զոհվեց:
«Ասես լեռներից մեր արյունն է հոսում…»
Զրուցակիցս պատմում է, որ Մոնթեն անդադար լսում էր Ռուբեն Հախվերդյանի «Կարմիր կակաչները» երգը ու չէր հագենում… Գրոհի գնալուց առաջ էլ այդ երգն է երգել. «Եղբորս զինվորներից մեկը պատմում էր, որ իրենց էլ հանձնարարել է սովորել այդ երգի բառերը, ու հաճախակի են երգել: Մարտից առաջ երգել է նույն երգը… Ու ես պատկերացնում եմ, թե ինչպես է նետվել գրոհի»:
Եղբոր մասին հուշերից մե՛րթ արցունքոտված, մե՛րթ ժպտացող աչքերով Գայանեն շարունակում է պատմել. «Ինձնից փոքր էր, բայց այնպիսի հուսալի հենարան էր… Այնքան ընկերասեր էր, սրտաբաց, նվիրվող: Մի օր տուն եկավ՝ հագին մի անծանոթ բաճկոն՝ թեւերն այնքան կարճ, որ հազիվ ծածկում էին արմունկները: Ի պատասխան մեր զարմացած հայացքների՝ բացատրեց, որ իր բաճկոնը տվել է ընկերոջը, որ գնա ժամադրության, քանի որ իրենն ավելի գեղեցիկ էր: Երբ անցավ ծառայության, այնքան քիչ էր տանը լինում: Ու երբ կարողանում էր որեւէ գործ անել տան համար, անասելի ոգեւորվում էր: Հյուրասենյակի դռան ապակին կոտրվել էր, հերթական կարճ արձակուրդի ժամանակ վերանորոգեց: Հիմա նորից կոտրվել է, բայց թողել ենք այդպես. եղբորս ձեռքերն են դիպել… Ասում էր. «Ի՞նչ իմաստ ունի երկար ապրել ու ոչինչ չանել… Պիտի կյանքդ թեկուզ կարճ լինի, բայց արժեքավոր»: Այդ պահին ուշադրություն չես դարձնում, թվում է՝ պարզապես բառեր են, իսկ հետո… հետո ապրում ես այդ բառերով»:
Հայրենիքն ունի մեր արյան կարիքը
Մոնթեն, ասում են, սիրահարված էր տանկին… Գերազանց տիրապետում էր դրա մարտավարությանը, հպարտանում, որ ընտրել է տանկիստի մասնագիտությունը:
Սոցիալական կայքի անձնական էջում մի քանի տարի առաջ շնորհավորել է տանկիստների մասնագիտական տոնը՝ գրելով. «Հայոց բանակն այսօր նշում է Տանկիստի մասնագիտական տոնը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց տանկիստ են համարում: Քա՛ջ եղեք եւ հպարտ, քանզի դուք եք «ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժը»: Հետգրությամբ էլ նշել է. «Տանկը բանակի սիրտն է»:
Նախախնամությո՞ւն է գուցե. նույն սոցիալական կայքի էջում Մոնթեն գրել է. «Հայրենիքն ունի մեր արյան կարիքը»: