Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2017
Լրագրող Աննա Կաչկաեւան հանդիպեց լրագրողներին
Ռուսաստանում հայտնի մեդիաքննադատ, լրագրող Աննա Կաչկաեւան «Լոֆթ»-ում հանդիպեց լրագրության ֆակուլտետների դասախոսների եւ լրագրողների հետ: Առանցքում մեդիահաղորդակցությանը, թվային միջավայրին եւ «թվային սերնդին» վերաբերող հացերն էին:

Աննա Կաչկաեւան խոսեց թվայնացումից հետո աշխարհում կատարված ու կատարվող փոփոխությունների մասին: Լրագրողը նշեց, որ ժամանակակից՝ սելֆիի սերունդը, ում ինքնազգացողությունը ստանում է իր թվային համարժեքը, վիրտուալ տիրույթում է ապրում: Այդ միջավայրը նախընտրողների համար կարեւոր են թվային իրավունքները: Նրանց համար սկզբունքային է դրանք պահպանելը. իրենց դա շատ է անհանգստացնում:



«Ի՞նչ անել, եթե ապրում ես մարդկանց հետ, ովքեր ավելի առաջադեմ են, քան դու: Դու դրան հասնում ես բանականության միջոցով, իսկ նրանց համար դա բնական միջավայր է: Անգամ փոքր երեխաները, ովքեր դեռ չեն խոսում, նոր են քայլում, հեշտությամբ օգտվում են նորագույն տեխնոլոգիաներից»,- ասաց Աննա Կաչկաեւան:

Ցանկացած տեղեկություն այսօր կարելի է ստանալ, օրինակ, ընդամենը հեռախոսի միջոցով: Պայքարն էլ այսօր տեղափոխվել է վիրտուալ տիրույթ:



«Մարդկության հետ որեւէ նոր բան տեղի չի ունեցել, բայց հաղորդակցության մասշտաբները, փոփոխված միջավայրը, նոր, ոչ անալոգային իրականությունը փոխել են մարդկանց վերաբերմունքը տեղեկատվական հոսքի նկատմամբ, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում եւ չեն ուզում կողմնորոշվել»,- նշեց լրագրողը:

Հանդիպումը «Մենք ենք մեդիան» նախագծի շրջանակում կազմակերպել էր «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը: Ըստ նախագծի՝ Հայաստան են հրավիրվում մեդիայի հետ առնչվող մարդիկ եւ հանդիպումներ անցկացնում: 



Աննա Կաչկաեւան մոտ 20 տարի աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան բյուրոյում: Բանասիրական գիտությունների թեկնածու է, հարյուրից ավելի գիտական հոդվածների եւ դասագրքերի հեղինակ։ Երկար տարիներ ղեկավարել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստատեսության եւ ռադիոյի ամբիոնը։ Այժմ Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիահաղորդակցության բաժնի պրոֆեսոր է։