Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2017
Տեղի ունեցավ «Best of British Education» կրթական ցուցահանդեսը
Բրիտանիայում ուսանելու կրթական ծրագրեր, բրիտանական հրատարակչությունների գրքեր ու պրեզենտացիաներ. Երեւանում անցկացվեց «Best of British Education» կրթական ցուցահանդեսը:

Դրա շնորհիվ տարբեր ոլորտների մասնագետներ, ուսանողներ եւ դպրոցականներ ծանոթացան Միացյալ Թագավորությունում, Հայաստանում եւ այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման եւ վերապատրաստման ու անգլերենի ուսուցման եւ թեստավորման ծրագրերին:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում:

«Դիվանագիտական հարաբերությունների կարեւոր բաղադրիչը մարդկային հարաբերությունների զարգացումն է: Մենք կարծում ենք, որ այդ առումով կրթությունը եւ մշակույթը կարեւոր դեր են կատարում: Այսօր մարդաշատ ներկայությունը վկայությունն է այն բանի, որ կրթական ոլորտը հետաքրքրում է բոլորին, եւ ունենք դա զարգացնելու լավ հիմքեր»,- ասաց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բարձր է գնահատում Բրիտանական խորհրդի դերը մեր կրթական դաշտում: Ի դեպ, արդեն 15 տարի է, ինչ խորհուրդները մեր երկրում գործում են: 

«Թռուցիկ հայացք գցելով ցուցահանդեսին՝ միանգամից երեւում է, թե տարիների ընթացքում ինչ մեծ աշխատանք է կատարված, հատկապես անգլերենի, անգլիական մշակույթի՝ Հայաստանում տարածման եւ ծանոթացման ուղղությամբ»,- նշեց նախարարը:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան շահելու մրցանակներ՝ մասնակցելով «Treasure Hunt» մրցույթին:

Նշենք, որ «Best of British Education» կրթական ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանում բրիտանական դեսպանատունը՝ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ:

Պատկերասրահ՝ «Best of British Education» կրթական ցուցահանդեսը