Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-10-2017
«Փարիզի Աստվածամոր տաճարի» Էսմերալդան՝ հայուհի Էլեն Սեգարան է
Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան ճանաչվել է պատմության մեջ Էսմերալդայի լավագույն դերակատարը՝ հայտնի երաժշտա-թատերական «Notre-Dame de Paris» («Փարիզի Աստվածամոր տաճարը») ներկայացման մեջ։

Իր նուրբ ձայնով Ֆրանսիան գերած երգչուհին ծնվել է 1971 թվականին Տուլոնից ոչ հեռու գտնվող Սի-Ֆուր-լե-Պլաժ կոմունայում։ Էլենի հայրն իտալացի է, իսկ մայրը՝ Թերեզա Գասպարյանը, հայուհի, ում նախնիները Ֆրանսիայում էին հաստատվել Հայոց ցեղասպանության տարիներին։ 

Երգչուհին դաստիարակվել է հայկական միջավարում՝ առանց հոր: Երգչուհի դառնալու ցանկության ճանապարհին նրան աջակցել, սատարել եւ ոգեւորել են մայրական տատիկն ու պապիկը: Վերջիններս նրան օգնել են մասնակցել մանկական, պատանեկան տարբեր միջոցառումների, մրցույթների:

16 տարեկանում Էլենը տեղափոխվել է Փարիզ՝ լուրջ երաժշտական կարիերա սկսելու համար։ Այնտեղ նա ձայնագրել է իր հայտնի սինգլներից մեկը՝ «Je vous aime adieu»-ն։ Այնուհետեւ լույս է տեսել նրա առաջին ալբոմը՝ «Ապակե սիրտը» («Coeur de verre»): Արդեն պարզ էր, որ երիտասարդ հայուհուն փայլուն ապագա եւ մեծ հաջողություններ են սպասում: Նա զուգերգով հանդես է եկել Անդրեա Բոչելիի հետ՝ «Vivo Per Lei» հանրաճանաչ երգով: 



Սեգարան մասնակցել է տարբեր նախագծերի, իսկ նրա դեբյուտային նախագծերից մեկը կարելի է համարել «Notre-Dame de Paris» («Փարիզի Աստվածամոր տաճարը») ներկայացումը, որտեղ նա կատարել է Էսմերալդայի դերը: Նա այդ մյուզիքլում մասնակցելու առաջարկը ստացել է 1997 թվականին՝ դառնալով միջազգային կարգի աստղ: 



Էսմերալդայի դերը փայլուն մարմնավորած հայուհին 1998 թվականին հրավեր է ստանում՝ «Anastasia» մուլտֆիլմում հնչող հայտնի «Loin du froid de décembre» երգը կատարելու: 



2004 թվականին 80-ամյա հոբելյանի առիթով երեկոյի ժամանակ Փարիզում Շառլ Ազնավուրը Սեգարային է վստահել հայկական մանկական երգչախմբի հետ իր հեղինակային «Քեզ համար, Հայաստան» («Pour toi, Armenie») երգի կատարումը։



Ներկայումս երգչուհին 46 տարեկան է: Նա դաստիարակում է 3 երեխայի, սակայն շարունակում է երգչուհու իր կարիերան, համերգներով հանդես գալիս տարբեր երկրներում: Իր հայրենիքում՝ Հայաստանում, նա ոչ մեկ անգամ է եղել: Նրա խոսքով՝ հայուհի լինելը նշանակում է ներկայացնել ինքդ քեզ եւ օգնել մյուսներին: