Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-11-2017
Աշնանային տրամադրություն
Տաք թեյի կամ սուրճի բաժակ, հարմարավետ բազկաթոռ, ծածկոց ու հետաքրքիր գիրք… Էլ ի՞նչ է պետք այս եղանակին: Թեթեւ անձրեւ, որ նայես պատուհանից, տաք թեյը/սուրճը ձեռքիդ ու սկսես գրել…

Աշունն արվեստագետների, գրողների, նկարիչների ու ընդհանրապես արվեստի մարդկանց սիրելի եղանակներից է, նրանցից շատերի ոգեշնչման անսպառ աղբյուրը: Աշունն իր ողջ հմայքով կարելի է տեսնել, օրինակ, Վիվալդիի «Տարվա եղանակներ» շարքի երրորդ կոնցերտում («Աշուն») կամ էլ Տերյանի աննկարագրելի գեղեցիկ բանաստեղծություններում: 

Գրականության մեջ աշունը նկարագրվում է նաեւ որպես գեղեցիկ կին, ով կրում է գեղեցիկ, գույնզգույն զարդեր եւ մրգեր, խոտով զարդարված գույնզգույն հացահատիկ:

Eritasard.am-ի լուսանկարիչը ֆիքսել է աշնանային գեղեցիկ տեսարաններ: Մենք էլ այդ կադրերը համեմել ենք յուրահատուկ բանաստեղծություններով, որոնք էլ առաջարկում ենք ընթերցել: 

***
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
- Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, եւ անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,- լուսեղե՜ն երազ,-
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
- Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,-
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, եւ շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Վահան Տերյան 

***

Նորից անձրե՜ւ, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերեւները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Վահան Տերյան

***

Աշուն


Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք՝ ինչքան է ուրախ:

Համո Սահյան 

***

Տերեւաթափ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասավ քամին տերեւներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագե՛ք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…

Եկե՛ք տանեմ հեշտ ու անթեւ,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետեւ
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերեւները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թեւին թռան, փախան։

Հովհաննես Թումանյան

Պատկերասրահ՝ 
 Աշուն - 2017​