Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-11-2017
«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում կայացավ հերթական շքեղ համերգը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Yerevan Jazz Fest-2017» փառատոնի շրջանակում մեկ հարկի ներքո ելույթ ունեցան Արտո Թունջբոյաջյանը եւ «Armenian Navy Band»-ը, Արտակ Ներսիսյանը (Հայաստան), Մարինե Հակոբյանը (Հայաստան) եւ Պակո Սառը (Սենեգալ):

Ամեն անգամ բեմում ելույթ ունենալը, հանդիսատեսի ոգեւորությունն ու ժպիտները տեսնելն ավելի են ոգեշնչում արտիստներին: Eritasard.am-ի հետ զրույցում Արտակ Ներսիսյանը նշեց, որ բոլոր համերգներին մեծ հաճույքով է մասնակցում: «Ջազի դերն ու ազդեցությունն իրականում շատ մեծ են, ես ինքս կարեւորում եմ լավ եւ որակյալ երաժշտությունը հայկական մշակույթում եւ առօրյայում: Այս փառատոնն այն փառատոներից է, որը կազմակերպվում է՝ ջանք ու եռանդ չխնայելով: Սա իրական ջազային տոն է»,- նշեց Արտակ Ներսիսյանը եւ հավելեց, որ շատ կարեւոր եւ ուրախալի է նաեւ այն փաստը, որ Հայաստան են այցելում եւ նմանօրինակ փառատոներին մասնակցում արտերկրի հայտնի արտիստները:

Նրա խոսքով՝ բոլոր ջազային համերգներին աշխատում է ներկա լինել, քանի որ այդպիսի արտիստների համերգները չպետք է բաց թողնել: Դրանք ինքնին բացառիկ համերգներ են: «Մենք եւս շատ տաղանդավոր երաժիշտներ ունենք, ովքեր, շփվելով նրանց հետ, ունենում են փորձի փոխանակում: Ի վերջո, յուրաքանչյուր երաժիշտ ունի երաժշտական իր ընկալումը, որը տարբեր է, առանձնացող եւ յուրահատուկ»,-նշեց Արտակ Ներսիսյանը:

Մարինե Հակոբյանն էլ իր հերթին փաստեց, որ փառատոներին եւ հատկապես «Yerevan Jazz Fest 2017» փառատոնին մասնակցելը շատ հաճելի է, քանի որ այդպիսով երաժիշտները կարողանում են իրենց ներդրումն ունենալ ջազի տարածման, զարգացման գործում: 

Այն հարցին, թե ինչպես է վերաբերում իմպրովիզներին,  Մարինե Հակոբյանը նշեց, որ առանց իմպրովիզների չի ստացվում: Յուրաքանչյուր համերգին էլ լինում են իմպրովիզներ եւ ամեն անգամ տարբեր: 

Հավելենք, որ ջազային շքերթը նոյեմբերի 3-ին կշարունակեն Ալեքսիս Ավագյանը, Գոնսալո Ռուբալկաբան եւ Վահագն Հայրապետյանը: 

Պատկերասրահ՝ «Yerevan Jazz Fest-2017»-ը շարունակվում է