Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Տեղադրվել է 08-11-2017
Երեւանում նշվեց Ղափամայի տոնը
Ազգային երգ ու պարով, ավանդական ուտեստներով Երեւանում նշվեց Ղափամայի տոնը:

Երեւանի համար 10 մանկապարտեզին հատկացված սեղանին դրված էր տնօրեն Ռուզաննա Մեժլումյանի պատրաստած ղափաման: Ասաց՝ պատրաստել է տատի բաղադրատոմսով. «Դդումն աստղաձեւ բացում ենք, պատերը ներսից յուղով, մեղրով պատում: Առանձին ափսեի մեջ դնում ենք յուղ, մեղր, դարչին, բրինձ, սեւ սալորաչիր, ծիրանի չիր, չամիչ, բոլորը համեմում ենք յուղով, լցնում ենք դդումի մեջ եւ 1 ժ – 1 ժ 15 ր դնում ջեռոցում»:

Ազգագրագետ, հայկական ծիսական կերակուրների մասնագետ Ռուզաննա Ծատուրյանի խոսքով՝ ղափաման մեր ավանդական կենցաղում միշտ տոնական ու ծիսական ուտելիք է եղել, որովհետեւ հատուկ բաղադրիչներով է պատրաստվել: 

«Օրինակ՝ բրինձը միշտ այնքան մատչելի չէր, ինչքան այսօր: Չրերը եւ ընդեղենն առօրյայում կային, բայց պահվում էին հատուկ առիթների համար: Չրերի, չամիչի, մեղրի օգտագործումն էլ հատուկ նշանակություն էր տալիս ղափամային, որովհետեւ մարդիկ հավատում էին, որ այդ բաղադրիչներով պատրաստված ուտելիքը պետք է սեր, ջերմություն, հաջողություն բերի եւ նոր կյանք ու պտղաբերություն խորհրդանշի: Ղափաման հենց մատուցվում է, բոլորի տրամադրությունը բարձրանում է, սպասում է առաջանում: Հենց կափարիչը բացվում է, մարդիկ անհամբեր սպասում են քաղցր ու անուշ բույրերին»,- ասաց նա:

Միջոցառման մասնակիցները մրցեցին 3 անվանակարգերում՝ «Ամենագեղեցիկ սեղան», «Ամենայուրահատուկ ձեւավորված ղափամա», «Ամենամեծ ղափամա»: Անկախ մրցույթի արդյունքներից եւ կարճատեւ անձրեւից՝ տիրում էր ուրախ մթնոլորտ: 

Ղափաման հայկական ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր տարվա եւ Զատիկի կապակցությամբ: Այն բրնձով, չրերով, չամիչով, ընկույզով եւ այլ բաղադրիչներով լցոնված դդում է: Ղափաման պատրաստել են նաեւ ընկերային հավաքույթների ժամանակ: