Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 08-11-2017
Տեղի է ունեցել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հանձնաժողովի անդրանիկ նիստը
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման եւ անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Հանձնաժողովի նախագահը ներկաներին ներկայացրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը: Իր խոսքում նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, մասնավորապես անդրադարձել է մրցույթն անաչառության եւ թափանցիկության պայմաններում կայացնելու հրամայականին:



Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից եւ մարզական լրագրողների քվեարկությունից: Այդ նպատակով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների հետ, համագործակցության փորձ ունեցող մասնագիտացված կազմակերպությունների հետ, միաժամանակ նախարարությունն իրականացնելու է մրցույթին մասնակցել ցանկացող մարզական լրագրողների հավատարմագրում: 

Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակներում այլ անվանակարգերի սահմանման հնարավորությունը, ինչը նախատեսված է մրցույթի կանոնակարգով: 

Հանձնաժողովի նախագահ Ա. Քարամյանը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկազմակերպվի 2017 թվականի 10 լավագույն մարզիկների մեծարման հանդիսությունը: