Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 12-11-2017
Կայացավ «Էմերսոն» լարային քառյակի անզուգական համերգը
Նոյեմբերի 11-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում համերգով հանդես եկավ 9 անգամ «Գրեմմի» արժանացած «Էմերսոն» լարային քառյակը:

Նյու Յորքում 1976 թվականին հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ եւ կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Այն առաջին քառյակներից է, որի ջութակահարները փոխհաջորդում են միմյանց առաջին ջութակի դերում:

©Fortune. ««Էմերսոն» լարային քառյակը մեր օրերի լավագույն կամերային կոլեկտիվն է»: 

«Էմերսոն» լարային քառյակը տարբերվում է մյուս լարային քառյակներից: 1987 թվականից այն առավել քան 30 հաջողված ձայնագրություն է կատարել «Deutsche Grammophon» ստուդիայում, 9 անգամ ստացել հեղինակավոր «Գրեմմի», 3 անգամ՝ «Gramophone» եւ այլ մրցանակներ: Հանդես է եկել երաժշտական մայրաքաղաքների հեղինակավոր բեմերում:



«The Times». «...երբ կան այսպիսի երաժիշտներ, հույս է առաջանում մարդկության ապագայի համար»: 

Ֆրանսիա, Ռուսաստան, Մեքսիկա, Նորվեգիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Շվեյցարիա. երկրների ոչ ամբողջական ցանկն է, որտեղ ելույթ է ունեցել այդ կոլեկտիվը: Սա «Էմերսոն»-ի առաջին այցն է մեր տարածաշրջան: 

Հրաշալի քառյակի ներկայացուցիչներ Ջուջին Դրուքերը, Ֆիլիպ Սեթզերը (ջութակներ), Լորենս Դյութոնը (ալտ), Փոլ Ուոթքինսը (թավջութակ) համերգի ժամանակ հնչեցրեցին Յոզեֆ Հայդնի, Անտոն Վեբեռնի, Բելա Բարտոկի եւ Բեթհովենի ստեղծագործություններից:

Համերգից առաջ քառյակը նաեւ հանդիպում ունեցավ լրագրողների հետ: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ երկար տարիներ մեծ աշխատանք է տարվել «Էմերսոն» քառյակին Հայաստան բերելու համար. «Նրանք իսկապես գագաթնակետն են: Ուրախ ենք, որ «Էմերսոն» քառյակին հյուրընկալել ենք Հայաստանում: Հայաստանը մշակութային երկիր է, իսկ սա այն խմբերից է, որը մշակույթի ջատագով է»:

Ֆիլիպ Սեթզերը փաստեց, որ իսկապես Հայաստան գալը երկար տեւեց, սակայն հիմա իրենք այստեղ են, ինչն անխոս ուրախալի է: 

«Հայաստանն այն երկիրն է, որի նկարներով եւ այստեղից բերված ջերմությամբ ես հիացել եմ, երբ ծնողներս 1965 թվականին Հայաստան էին եկել: Մենք երկար ժամանակ չէինք դադարում Հայաստանի մասին խոսելուց»,- հիշողություններով կիսվեց արտիստը:



«The New York Times». ««Էմերսոն»-ը բերեց անհրաժեշտ վիրտուոզություն յուրաքանչյուր արտահայտության մեջ: Երաժշտությունը զգացմունքային եւ մտավոր տեսանկյունից նույնքան պահանջկոտ է, եւ խմբի կենտրոնացվածության ուժն ու տեւական սաստկությունը նույնքան տպավորիչ է»: 

Յուզին Դրուքերը, կիսվելով Հայաստանի մասին իր մտորումներով, խոստովանեց, որ գալուց առաջ նախապես քարտեզի վրա փնտրել է Հայաստանը, բացի դրանից՝ պատկերացում է կազմել, թե ինչ երկիր է այցելելու. «Հայաստանն այն երկիրն է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որն իր ներկայացուցիչներն եւ պատրիարքարանն ունի Երուսաղեմում եւ վերջապես ունի գիր, որն առանձնանում է աշխարհի մյուս գրերից»:

Խմբի անդամները մեծ ոգեւորությամբ են պատրաստվել հայաստանյան համերգին եւ հույս ունեին, որ հայ հանդիսատեսը գոհ կմնա համերգից: