Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքի
Տեղադրվել է 12-11-2017
Սկանդալայի՞ն հաղթանակ Բելառուսի հավաքականի նկատմամբ
Հինգշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 4-1 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է պարզաբանումներ ներկայացնել այդ հաղթանակի կապակցությամբ։

Նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցին՝ Բելառուսի ազգային հավաքականին հաղթեց խոշոր՝ 4-1 հաշվով։ Մինչեւ 40-րդ րոպեն ընկերական խաղի հաշիվն այդպես էլ չէր բացվել։

Դիմակայության հաշիվը բացվեց 1-ին խաղակեսի վերջում՝ 41-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ։ Գնդակին մոտեցած Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գերազանց գործեց մրցակցի դարպասապահը՝ հետ մղելով գնդակը։ Մխիթարյանն առաջինը հասավ հետ մղված գնդակին, սակայն այս անգամ էլ բելառուս դարպասապահը տեղում էր։ Ի վերջո վրա հասավ ակումբում խաղային պրակտիկայի պակաս զգացող Արաս Օզբիլիսը, ով 41-րդ րոպեին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Խաղակեսի վերջին վայրկյաններին՝ 45-րդ րոպեին, աչքի ընկավ նաեւ Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի հաջողությունը զարգացրեց ազգային թիմ վերադարձած Ռումյան Հովսեփյանը։ Անկյունային հարվածից հետո նա 3-րդ գոլը խփեց. դա հանդիպման 55-րդ րոպեն էր։ Րոպեներ անց հանդիպումը սպասարկող վրացի մրցավարը նորից 11 մետրանոց հարված նշանակեց, այս անգամ՝ արդեն Հայաստանի հավաքականի դարպասին։ Բելառուսի ընտրանու կազմում պատասխանատու հարվածն անվրեպ իրացրեց Անտոն Սարոկան՝ 58-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3-1:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը որոշեց, որ խաղն այլեւս ավարտված է եւ հանգստանալու հնարավորություն տվեց առաջատարներին։ Դաշտ դուրս եկավ եւ ազգային թիմում նորամուտ նշեց Էրիկ Վարդանյանը։ 84-րդ րոպեին հենց նա էլ վերջնական հաշիվը ձեւակերպեց՝ հեռահար հարվածով 4-րդ գնդակը խփելով։

Իր ընթացքի պատճառով հանդիպումը կասկածի տեղիք է տվել պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող «Federbet» միջազգային կազմակերպությանը։ Արդյունքում լուրեր տարածվեցին, թե իբր նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։ Այս մասին ՀՖՖ-ն արդեն լայնածավալ պարզաբանում է ներկայացրել, որում նշվում է, որ ՀՖՖ-ն խնդրո առարկա խաղի վերաբերյալ չի ստացել որեւէ զեկույց ո՛չ ՈՒԵՖԱ-ի եւ ո՛չ էլ «Sportradar»-ի (կասկածելի կամ պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպություն) կողմից, հետեւաբար այն պնդումները, թե խաղն ունեցել է պայմանավորված բնույթ, «ոչ այլ ինչ են, քան զզվելի եւ խայտառակ զրպարտանք»։

Առջեւում Կիպրոսի ազգային հավաքականի հետ նոյեմբերի 13-ին սպասվող ընկերական խաղն է, որն այս տարի վերջին տնային հանդիպումը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար։ Արդյո՞ք այդ հանգամանքը «Հանրապետական» մարզադաշտ կբերի մարզասերներին, դժվար է ասել։ Չէ՞ որ հինգշաբթի տոնած հաղթանակը դիտելու էին եկել բավականին քիչ թվով երկրպագուներ. մարզադաշտի տրիբունաների անգամ 10 տոկոսը դժվար թե լի լիներ։ Այն գրեթե դատարկ էր։