Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-11-2017
Բացվեց «Կին» միջազգային կինոփառատոնը
Նոյեմբերի 14-ին կայացավ 14-րդ «Կին» միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը: Կինոփառատոնն արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։

Ներկայացված է կին ստեղծագործողների շուրջ 60 ֆիլմ՝ 20 երկրից: Փառատոնի ծրագրում ներառված են.
1. Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր
2. Հյուրերի ծրագիր
3. Հետահայաց ցուցադրություն` նվիրված իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին
4. «ԲԱՖՏԱ 2017»-ի կարճամետրաժ եւ անիմացիոն ֆիլմերի հավաքածուն
5. Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 

Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին կենտրոնի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից շնորհավորանքներ հղեց փառատոնի բացման կապակցությամբ: 

«Ես իհարկե առանձնահատուկ շնորհավորում եմ ռուս կին ռեժիսորներին, սցենարիստներին, ովքեր հիմա Երեւանում են գտնվում կինոփառատոնի առթիվ: Սիրով տեղեկացնում եմ, որ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը պատրաստ է ֆիլմերի ցուցադրությանը»,- նշեց նա եւ հավելեց, որ կենտրոնը ունի սահմանած հատուկ մրցանակ:

Շվեդիայի դեսպանության ազգային աշխատակից եւ գործադիր օգնական Լարիսա Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության աշխատանքային առաքելության դրսեւորումներից են նաեւ Հայաստանի ու Շվեդիայի միջեւ մշակութային կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ կանանց կարողությունների զարգացումը. «Ֆիլմն իրապես համարվում է մշակույթը ներկայացնելու լավագույն գործիքներից մեկը»: 

«Կին» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ հայտարարեց կինոփառատոնի պաշտոնական բացման մասին: Մինչեւ նոյեմբերի 18-ն ընթացող փառատոնի շրջանակում կլինեն ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ, այլեւ վարպետության դասեր եւ կլոր սեղաններ: 

Նշենք նաեւ, որ ֆիլմերի ցանկում ներառված է Ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող «Կյաժը» վավերագրական ֆիլմը: