Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-11-2017
Միշա. «Ուզում եմ՝ Արցախում խաղաղություն լինի»
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը, ինչպես հայտնի է, կներկայացնի Միշան՝ (Միքայել Գրիգորյան) իր «Բումերանգ» երգով:



Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը, իսկ գործիքավորումը կատարվել է «Karen Sevak Production»-ի կողմից:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Միշան, Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը եւ Գոհար Գասպարյանը մանրամասներ ներկայացրին մրցույթի, քվեարկության, նախապատրաստական աշխատանքների մասին: 



Գոհար Գասպարյանը մասնավորապես նշեց, որ քվեարկության կարգում փոփոխություններ են կատարվել: «Այս տարի մասնակից երկրներն օնլայն քվեարկության միջոցով կկարողանան քվեարկել նաեւ իրենց պատվիրակի օգտին: Քվեարկությունը նոյեմբերի 24-ից կմեկնարկի Www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին՝ մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ, եւ կվերաբացվի մրցույթի ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտեւի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի արդյունքում: Արդյունքում հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը»,-նշեց Գոհար Գասպարյանը եւ բոլորին կոչ արեց ակտիվ քվեարկել:



Պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով՝ Միշայի երգը հենց սկզբից են հավանել եւ ընտրել, սակայն կային այլ հիանալի երգեր եւս: 

«Երգը մի քանի անգամ լսելուց հետո կրկին լսելու ցանկություն է լինում, քանի որ այն իսկապես գեղեցիկ է հնչում: Միշան հիանալի է մատուցում երգը: Նա շատ լավ է պատրաստված մրցույթին: Շատերը նրա մազերի մասին են հարցնում, ասեմ, որ մազերն իրենց մեջ ուժ ունեն, եւ ճիշտ չի լինի զրկել նրան այդ ուժից»,- ասաց նա եւ հավելեց, որ Միշան բեմում միայնակ է լինելու:



Փոքրիկ Միշան իր հերթին նշեց, որ իր կերպարն իրեն դուր է գալիս եւ հաճույքով է կատարում երգը: «Ինձ հետ իմ խաչն ու Աստվածն են»,- ասաց Միշան:

Երազանքի մասին խոսելիս նա պատասխանեց կարճ եւ հստակ. «Ուզում եմ՝ Արցախում խաղաղություն լինի»:

Նշենք նաեւ, որ «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա՛ պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից՝ կմասնակցեն եւս 15 երկրների ներկայացուցիչներ. Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստանը: