Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-11-2017
Զավեն Անդրիասյան. «Կան հաղթանակներ, որոնք նոր սկիզբ են ազդարարում»
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության մասնակիցներին` այն երիտասարդներին, ովքեր իրենց բնագավառում նշանակալի հաջողությունների են հասել:

Մեր զրուցակիցը շախմատի Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն (2005 թ.), աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն (2006 թ.), Ռուսաստանի գավաթակիր (2010 թ.), Հայաստանի չեմպիոն (2016 թ.), Էրեբունու Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն է: 

- Զավե՛ն, Ձեր կենսագրությունն ուսումնասիրելիս ինձ համար ուշագրավ կետեր առանձնացրի. դրանցից մեկն այն է, որ Դուք շախմատ խաղալ սովորել եք 5 տարեկանում: Ո՞վ է դեպի շախմատային աշխարհ տանող ճանապարհը մատնացույց արել: 

- Շախմատի առաջին ուսուցիչս պապս է եղել: Հիշում եմ՝ 1993-1994 թվականներին, ինչպես ընդունված է ասել, մութ տարիներին, պապիս ընկերները հավաքվում, շախմատ ու սեղանի այլ խաղեր էին խաղում, իսկ ես հետեւում էի նրանց: Հետո սկսեցի ինքս խաղալ, իսկ 2-3 ամիս անց ինձ տարան շախմատի դպրոց: 5 տարեկան էի, եւ դպրոցում ասացին, որ տարիքիս պատճառով ինձ չեն կարող ընդունել: Սակայն երբ խաղացի իրենց աշակերտների հետ եւ հաղթեցի, ինձ հնարավորություն ընձեռեցին մասնակցելու 4-րդ կարգի մրցաշարին՝ խոստանալով, որ եթե միջին արդյունք ցուցաբերեմ, թույլ կտան սովորել դպրոցում: 9 հնարավորից  8 միավոր վաստակելով՝ 1-ին տեղ զբաղեցրի եւ որակավորման 4-րդ կարգ ստացա: Դրան հետեւեցին 3-րդ, ապա 2-րդ կարգերի մրցաշարերը, որոնցում հաջողությամբ հանդես եկա: 1-ին կարգի մրցաշարում եւս մոտ էի հաղթանակին, բայց նպատակիս չհասա: Դա ինձ համար անընդունելի էր, քանի որ իմ առաջին ձախողումն էր, թեեւ իրականում անհաջողություն չէր կարող համարվել: 
Շուտով ծանոթացա իմ առաջին մարզչի՝ Աշխեն Սանոյանի եւ նրա ամուսնու՝ Վլադիմիր Հայրապետյանի հետ եւ սկսեցի մարզվել: 6 տարեկան դառնալուն պես ինձ հաջողվեց նաեւ 1-ին կարգ ստանալ՝ վաստակելով 13.5 միավոր (երբ անհրաժեշտ էր ընդամենը 7 միավոր): Եթե չեմ սխալվում, ոչ ոք 6 տարեկանում որակավորման 1-ին կարգ չի ստացել: Այնուհետեւ տեղափոխվեցի Վլադիմիր Հայրապետյանի խումբ, որտեղ սովորում էին այսօրվա անվանի գրոսմայստերներից շատերը: Նրանց հետ պարապմունքները, անշուշտ, դրական ազդեցություն ունեցան: 

- Եվ 7 տարեկանում դարձաք Հայաստանի՝ մինչեւ տասը տարեկանների չեմպիոն…

- Այդ տարիքում առաջին անգամ մասնակցեցի Հայաստանի առաջնությանը եւ չեմպիոն դարձա, ինչից հետո պետք է Իսպանիա մեկնեի: Միայնակ մեկնել չէի կարող, իսկ ծնողներիս ինչ-ինչ պատճառներով թույլ չտվեցին, եւ ես այդ տարին կորցրի: 8 տարեկանում անհաջող հանդես եկա եւ 3-րդ տեղ զբաղեցրի: Սակայն ինչ-որ բան փոխվեց իմ մեջ. ավելի շատ սկսեցի աշխատել եւ կրկին հաջողություններ ունեցա՝ 1998, 1999 թվականներին դառնալով Հայաստանի 9 եւ 10 տարեկանների չեմպիոն (9 հնարավորից 9 միավոր): Այնուհետեւ մասնակցեցի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Աշխարհի առաջնության ժամանակ՝ ամբողջ մրցաշարի ընթացքում, 1-ին եւ 2-րդ  տեղերը կիսելով՝ մեկ պարտություն ունեցա եւ զբաղեցրի 6-րդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունն ավելի դաժան էր. վերջին տուրից առաջ ես 1-ին տեղն էի զբաղեցնում, բայց 1 պարտություն, եւ զբաղեցրի 4-րդ տեղը: 

…2005 թվականը հաջողությունների տարի էր: Դարձա Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնության հաղթող, ապա հաղթեցի նաեւ այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ Այնուհետեւ դարձա «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացա միջազգային վարպետի կոչում։

2006 թ.-ին Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոն դարձա, որից հետո 17 տարեկանում մասնակցեցի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը: Հնարավորություններս այդքան բարձր չէի գնահատում, քանի որ գործակցով 25-րդ համարն էի: Մրցաշարը հաջողությամբ մեկնարկեց: Հաղթանակ, առաջին համարի հետ ոչ-ոքի… հանգիստ, անկաշկանդ խաղ, 3 անընդմեջ հաղթանակ, եւ վերջին տուրից առաջ ես էի գլխավորում աղյուսակը, ինձ բավարար էր խաղալ ոչ-ոքի: Մեծ առավելություն ունենալով՝ ուժի դիրքերից ոչ-ոքի խաղացի եւ դարձա աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն՝ նաեւ վաստակելով  գրոսմայստերի տիտղոսը: 

- Այդ ժամանակ Դուք Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էիք: Տիտղոսն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում: 

- Այդ ժամանակ՝ այո՛: Երբեւէ չեմ մտածել այդ մասին, բայց, հավանաբար, շատ բան է փոխվել: 

Դրանից անմիջապես հետո մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող դարձա: Գործակիցս 2500 էր, կարճ ժամանակահատվածում դարձավ 2650: Ավելին չհաջողվեց, երեւի այլ ճիգեր էին անհրաժեշտ...

2010 թ.-ին Ռուսաստանի գավաթակիր դարձա, 2013 թ.-ին՝ Կազանում կայացած Ամառային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թ.-ին՝ Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի հաղթող: 



- Կա՞ մի շախմատիստ, ով օրինակ է եղել Ձեզ համար:

- Իհարկե, կան շախմատիստներ, որոնց համակրում ես, ընդ որում՝ տարիքի հետ նրանք փոխվում են, եւ դա օրինաչափ է: Ինձ համար ի սկզբանե այդպիսին եղել է Պոլ Չարլզ Մորֆին,  այնուհետեւ՝ Ալեքսանդր Ալյոխինը: 

- Իսկ հայ շախմատիստների՞ց…

- Իմ սիրելի շախմատիստը միշտ եղել է Արտաշես Մինասյանը: Երեւի ստանդարտ պատասխան էիք սպասում՝ Տիգրան Պետրոսյան (ժպտում է): Հզոր շախմատիստ է եղել, բայց նրա ոճը՝ խաղաղասիրությունը, ինձ հոգեհարազատ չէ: 

- Դուք խաղաղասեր չե՞ք, ինչպիսի՞ն են «մարտի» Ձեր կանոնները: 

- Մինչեւ 20 տարեկանը ագրեսիվ խաղաոճ եմ ունեցել, սակայն ժամանակները ստիպում են ավելի ունիվերսալ լինել: Այսօր աշխարհում չկան ընդգծված հարձակվողներ կամ պաշտպանվողներ: Հնարավոր չէ ընտրել մի ոճ եւ մշտապես խաղալ այդ ոճով: Պարզապես չի ստացվի, բոլորն ակնդետ հետեւում են, թե ինչ ես նախընտրում: 

- Ուսումնասիրում են մարտավարությունը…

- Բնականաբար: Այսօր շախմատի այնպիսի ծրագրեր գոյություն ունեն, որոնք բոլոր պարտիաներին հետեւելու հնարավորություն են ընձեռում: Դա ամբողջ աշխարհի համար բաց է: Ինչ-որ բան ծածուկ պահել այսօր գրեթե անհնար է:

- Ո՞րն է եղել Ձեր ամեատպավորիչ պարտիան: 

- Ռուսաստանի գավաթի վերջին պարտիան, որը կյանքիս լավագույնն էր: Աննախադեպ հաջողություն ունեցա: Ամբողջ պարտիայի ընթացքում կատարել եմ ուժեղագույն քայլեր: Ես իմ կյանքում այդպիսի պարտիաներ քիչ եմ ունեցել: Եվ, առհասարակ, այդպես հազվադեպ է լինում, երբ ամբողջ պարտիան գրեթե իդեալական ընթացք ունենա: 

- Իսկ հաղթանակներից ամենադժվար վաստակա՞ծը…

- Իմ բոլոր կարեւոր հաղթանակները (աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնություն, Ռուսաստանի գավաթ, Հայաստանի բարձրագույն մրցաշար): Կան հաղթանակներ,  որոնք չափազանց արժեքավոր են: Դրանք նոր սկիզբ են ազդարարում: 

- Մի առիթով նշել եք, որ պարտություն չեք սիրում: Պարտվել ոչ ոք չի սիրում, սակայն երբեմն ձախողումներն ուղղակի անխուսափելի են: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում: 

- Հանգիստ: Տարիների հետ փոխվում են հայացքները նաեւ ձախողումների առումով: Եթե փոքր տարիքում չէի հասկանում, չէի հաշտվում, մտածում էի՝ այդպես չպիտի լիներ, հիմա գիտակցում եմ, որ դրանք երբեմն անխուսափելի են: Պարզապես փորձում եմ այնպիսի բանով զբաղվել, որ կարողանամ խելքի գալ: Լավագույն տարբերակը ֆիլմ դիտելն է՝ ականջակալներով, որպեսզի չխանգարեն: 

- Ի՞նչ ֆիլմեր եք դիտում եւ բացի  դրանից՝ ի՞նչ նախասիրություններ ունեք: 

- Ցանկացած՝ բացի սարսափ ֆիլմերից: Դա նախասիրություն չէ, պարզապես ցրվելու եղանակ: Մանկուց  ֆուտբոլ եմ խաղացել, այժմ էլ խաղում եմ: Զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, սակայն 2 պրոֆեսիոնալ մարզաձեւերից պետք է ընտրեի մեկը: Մի քանի տարի զբաղվել եմ նաեւ բոքսով, քանի որ ֆիզիկապես կոփված լինելն անհրաժեշտություն է շախմատիստի համար: 

- Խաղի սկզբում ինչի՞ վրա եք կենտրոնանում:

- Առաջին հերթին ամեն ինչ անում եմ, որպեսզի խաղից չուշանամ: Ձգտում եմ խաղի մեկնարկից 5-10 րոպե առաջ լինել տախտակի մոտ, որպեսզի շտապողականություն չլինի: Ուշադրություն եմ դարձնում, որպեսզի աթոռս հարմարավետ լինի, լուսավորությունը՝ ճիշտ: Կրում եմ այնպիսի հագուստ, որ ավելի անկաշկանդ լինեմ: Խաղի ընթացքում երբեմն սուրճ կամ ջուր եմ խմում: Սնվում եմ խաղից 2 ժամ առաջ: Թվում է՝ մանր կետեր են, բայց իրականում չափազանց կարեւոր են եւ միտված են նրան, որ միտքը կենտրոնանա միայն շախմատի տախտակի վրա: 

- Զավե՛ն, ես տեղեկացա, որ մի քանի գրքեր եք հեղինակել: Խնդրում եմ՝ մանրամասնե՛ք: 

- 2006 թ.-ից հոլանդական թերթերից մեկի համար հոդվածներ էի գրում, եւ քանի որ դրանք ընթերցվում ու քննարկվում էին, ինձ առաջարկեցին գիրք գրել: Առաջին գիրքս՝ «Winning with the Najdorf Sicilian: An Uncompromising Repertoire for Black»-ը, հրատարակվել է 2013 թ.-ին, բավականին ծավալուն աշխատանք է՝ 300-ից էջից ավելի: Երկրորդ գիրքս՝ «The English Attack Against the Taimanov Sicilian: A Guide for White»՝ կրկին անգլերենով գրված, հրատարակվել է  2014-ին: Հեղինակ եմ եւս 3 հայերեն գրքերի, որոնցից կառանձնացնեմ «Գրոհում են հայ գրոսմայստերները»: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել. ես դիտել եմ բոլոր հայ գրոսմայստերների պարտիաները (շուրջ 50000-60000 պարտիա), ընտրել ամենագեղեցիկ դրվագները՝ մոտ 1000 օրինակ անթերի կոմբինացիաներ, եւ ներկայացրել ընթերցողին: Բոլոր գրքերը բավականին հաջողված են եւ պահանջարկ ունեն: