Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-11-2017
«Վերելքի ուղին շարունակական է…»
Հարցազրույց Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետ:

- Տիկի՛ն Ավդալյան, ինչո՞վ է նշանավորվում այս տարին ԵՊԿ ԳՄ-ի համար:

- Այս տարի լրանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը: Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգեւոր ճգնաժամի եւ անհուսության առջեւ, երբ համատարած ընդարմացման եւ նիրհի մեջ որպես հուսո փարոս մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը, եւ 1991 թ.-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997 թ.-ին: Նույն տարվա հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու Արվեստների ակադեմիայի հանդիսավոր բացումը, որում անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի եւ շատ այլ երախտավորների  գործունեության կարեւորությունը:

- Շքեղ շենքային պայմանների ապահովումից բացի՝ որո՞նք էին հաջողության ուղով տանող ճանապարհի գրավականները։

- Շենքային պայմանների ստեղծումից հետո առավել կարեւոր էր լիարժեք ուսումնական գործընթաց կազմակերպելու խնդիրը, որտեղ մեծ գնահատանքի է արժանի ԵՊԿ ԳՄ-ի առաջին ղեկավարի՝ Ստյոպա Խաչատրյանի, Կառլեն Համբարձումյանի դերակատարումը: Նրանց շնորհիվ արվեստների մայրաքաղաք Գյումրիում իր ուսումնական գործընթացը սկսեց մի ուսումնական հաստատություն, որն անցած 20 տարիների ընթացքում ունեցել է նշանակալի հաջողություններ: Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել հատկապես 2003 թվականից սկսած մեր ունեցած ձեռքբերումները: Բուհի կայացման եւ անընդհատ աճող հեղինակության բարձրացման գործում մեծ էր հայ դասական երաժշտության երախտավորներ, դարի խորհրդանիշ հանդիսացող կենդանի լեգենդներ Էդվարդ Միրզոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ներդրումը: 2005 թ.-ին սկիզբ առավ «Մշակույթների երկխոսություն» հանրապետական, այնուհետեւ՝ 2008 թ.-ից՝ միջազգային գիտաժողովը: 2007 թ.-ից հիմնադրվեց «Վերածնունդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որը 2009 թ.-ից ստացավ միջազգային կարգավիճակ: 2006 թ.-ից լույս տեսավ արվեստի տարբեր ճյուղերին անդրադարձող եւ այդ տարիներին նման ձեւաչափ ունեցող միակ ամսագիրը՝ «Արվեստ եւ ժամանակ, հայացք Գյումրիից» հանդեսը, որը Գյումրու արվեստագետների արտահայտման մի նոր հարթակ էր: 2004-2005 թթ. ուսումնական տարվանից սկսեց գործել «Իմպրոռիթմ» բազային ուսումնական հաստատությունը, որը մինչ օրս կադրեր է ապահովում ոչ միայն կոնսերվատորիայի, այլեւ արվեստի մյուս ճյուղերի համար:

- Տիկի՛ն Ավդալյան, բուհի գործունեությունը միջազգային մակարդակում ի՞նչ հիմքերի վրա է դրված։

- Հպարտ եմ, որ կատարված աշխատանքը այսօր տալիս է իր պտուղները: Դա առաջին հերթին բուհի վարկանիշի բարձրացումն է, միջազգային գործունեության ընդլայնումն ու գործընկերների ձեռքբերումն է, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերը նոր հեռանկարներ են նախանշում գիտամանկավարժական ու կատարողական գործունեության ոլորտներում: Մեր բազմաթիվ գործընկերների շարքում նշենք Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, Կազանի պետական կոնսերվատորիան, Մոլդովայի երաժշտական ակադեմիան, Քութաիսիի երաժշտական քոլեջը, Վիեննայի երաժշտական ակադեմիան, Սլովենիայի եւ Արաբական Էմիրությունների երաժշտական հաստատությունները: Այդ համագործակցության շնորհիվ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բուհի ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցելու ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում անցկացվող համերգներին եւ վարպետության դասերին: Բուհն այսօր էլ ապրում է ակտիվ ուսանողական կյանքով, որի մաս են կազմում ուսանողական բանահավաքչական գիտարշավները, վարպետության դասերը, համերգները: Այս հոբելյանական տարվանից սկիզբ է առնելու եւս մեկ նախագիծ՝ ուսանողական միջազգային գիտաժողովը: Վերը նշվածի շնորհիվ սովորողի առօրյան դառնում է առավել հագեցած, բովանդակալից եւ նպատակամետ:

- Ի՞նչ եք մաղթում հարազատ բուհին եւ աշխատակազմին։

- Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի բուհի՝ ԵՊԿ ԳՄ-ի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ մաղթում արթուն ստեղծագործ միտք, եռանդ, հայրենանվեր ոգեւորություն եւ անսպառ խանդավառություն: Թո՛ղ յուրաքանչյուր հաջորդող տարի լինի առավել բովանդակալից եւ հաստատուն քայլերով՝ ի փառս կատարյալ արվեստի հաղթանակի: