Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2017
Սեբու. «Ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ»
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ «ՎԻԶԱ»-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն:



Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սեբուն եւ կրտսեր Ջիվան Գասպարյանը մանրամասներ ներկայացրեցին կայանալիք համերգից: 

Սեբուն նախ նշեց, որ շատ ուրախ է, որ այցելել է հայրենիք՝ Հայաստան, եւ առավել ուրախ է, որ մի բեմում հանդես է գալու տաղանդավոր երաժիշտների հետ. «Համերգը կլինի ակուստիկ ոճով, սակայն՝ շատ պարզ: Կհնչեն տարբեր երգեր: Հանդես կգամ թե՛ խմբի հետ, թե՛ միայնակ: Հուսամ, որ հանդիսատեսը կհավանի եւ բավականություն կստանա համերգից»:



Սեբուն, ինչպես հայտնի է, բնակվում է ԱՄՆ-ում, իսկ Հայաստան սկսել է այցելել 1990-ականներից: Այցերը մշտապես ամռանն են եղել, սակայն այժմ երաժիշտը մտադիր է վայելել ձմեռային Հայաստանը:

«Եկել եմ ընտանիքիս՝ կնոջս եւ երեխաներիս հետ: Մեծ որդուս կնքել եմ, իսկ փոքրին կկնքեմ այս այցիս ժամանակ: Ցանկանում եմ՝ հայրենիքիս հետ կապն ամուր լինի, որպեսզի առավել խորացնեմ արմատներս»,- նշեց նա:
Քչերը գիտեն, սակայն Սեբուն նաեւ Գրեմմիակիր է, իսկ ոգեշնչման աղբյուրը Կոմիտասն է:



Ջիվան Գասպարյան կրտսերն իր հերթին նշեց, որ շատ ուրախ է նմանօրինակ համագործակցության համար. «Կհնչեն նաեւ այն աշխատանքները, որոնք միասին տարիներ առաջ ենք պատրաստել: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի համերգը»:

Հավելենք, որ Սիրուշոյի եւ Սեբուի կատարմամբ համերգին կհնչի նաեւ «Վույ աման» հայտնի երգը, կլինեն նաեւ անակնկալ ելույթներ: