Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-11-2017
Նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օրն է
Այսօր տեղեկություն ստանալու, ժամանցն ապահովելու համար մարդիկ հետեւում են հեռուստաեթերին: Համացանցն օրեցօր զարգանում է, նոր հնարավորություններ ընձեռում, սակայն մարդկանց մի ստվար զանգվածի համար հեռուստատեսությունը շարունակում է մնալ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի կարծիքով՝ հայաստանյան հեռուստաեթերի համար բացառիկ ժամանակներ սկսվեցին 1990-ականների կեսերից, երբ ստեղծվեցին մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք պարտադրեցին նոր ասելիք, որակ եւ ձեւաչափեր:

«Մեր հեռուստատեսությունն այնպիսին է, ինչպիսին մեր կյանքն է, մեր ընթացքը կյանքի տարբեր ոլորտներում: Այս բնագավառում, անշուշտ, կան ձեռքբերումներ, բայց ակնհայտ է, որ զանգվածային մշակույթի այս հորդահոս ընթացքը հեռուստատեսությունը նույնպես վերցրել է իր մեջ, տանում է իր հետեւից: Հեռուստատեսությունը դարձել է յուրատեսակ հարթակ այդ զանգվածային մշակույթը տարածելու առումով: Տպավորությունս այդպիսին է»:

Պարոն Մարտիրոսյանն առանձնացնում է հեռուստադիտողի խնդիրը եւ հեռուստաեթերի մակարդակը պայմանավորում հենց նրա պահանջարկով. «Երբեմն ինձ թվում է, թե մեր հեռուստադիտողը բավարարված է, ինչն ինձ տխրեցնում է: Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք խստապահանջ, պահանջկոտ եւ բարձրաճաշակ այն հեռուստադիտողին, ով պետք է ասի. «Այս ի՞նչ եք ինձ հրամցնում, այս ինչպե՞ս եք մտել իմ տուն եւ ինչպե՞ս եք խոսում ինձ հետ, իմ եւ իմ ընտանիքի ներկայությամբ»: Երբ կունենանք այդ հեռուստադիտողին, մեր եթերից շատ բաներ ի չիք կդառնան, եւ կմնա այն, ինչը կարեւոր է»:

Նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ: Կազմակերպությունը պետություններին հորդորում էր այդ օրը տոնել այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, մշակութային խնդիրներին: 

Առաջին հեռուստատեսային հաղորդումները եղել են Գերմանիայում: Իսկ 1936 թվականին Մեծ Բրիտանիայում BBC հեռուստակայանը սկսեց պարբերական հաղորդումները: Հայկական հեռուստատեսության սկիզբը դրվեց 1956 թ. նոյեմբերի 29-ի փորձնական հաղորդմամբ:

Հ.Գ.: Eritasard.am-ը սիրով շնորհավորում է հեռուստաընկերությունների աշխատակիցներին, մաղթում անխափան եթեր, ստեղծագործական հաջողություններ եւ պայծառ երեւակայություն…