Նյութը՝ Սուսաննա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-11-2017
«Մյուզիքլի ու սիրված աշխատանքի հետ… յուրաքանչյուր օրս լավագույնն է»
Զառա Վիրաբյանը (Մորգանը) իր կյանքը համեմատում է մի մեծ մյուզիքլի հետ, քանի որ արդեն քառորդ դար է, ինչ ապրում է դրանով, ապրում է դրանում: Ետեւում են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարության ֆակուլտետը, Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում աշխատանքի 13 տարիները, բազմաթիվ մյուզիքլների բեմադրությունները, որոնք հաջողություն են ունեցել հանրապետական եւ միջազգային մրցույթներում:

Նրան ճանաչում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ, իհարկե, Հայաստանում: Նա չի սիրում բազմել անցյալի փառքի դափնիներին, ուստի միշտ նպատակասլաց նայում է առաջ` իր առջեւ հստակ դնելով խնդիրներ եւ համարձակ լուծելով դրանք:

- «Գեղեցկուհին եւ հրեշը» եւ «Մոխրոտիկ» մյուզիքլները Ձեր կենսագրությունում արդեն թերթված էջեր են: Ի՞նչ նոր նպատակներ ու նախագծեր ունեք Ձեր օրակարգում այսօր:

- Ուրախացնում է այն փաստը, որ ծնողներն ու երեխաները սկսել են գիտակցաբար ձգտել մյուզիքլին: «Զառա Մորգանի թատրոն-մյուզիքլում» նկատվում է սերնդափոխություն: Ավագներն իրենց ետեւից են տանում փոքրիկներին, եւ դա տեղի է ունենում շատ օրգանապես: Երբ ինձ մոտ բերեցին մի աղջնակի, եւ մայրն ասաց, որ նա շատ սեղմված է ու կաշկանդված, ես ասացի` «Համբերե՛ք 2 ժամ»: Մեր դպրոցի առանձնահատկությունը ոչ միայն տաղանդներին բացահայտելն է, այլեւ նրանց աճեցնելը: Ներեցե՛ք, բայց շնորհալի երեխաների հետ բոլորն էլ կարող են աշխատել: Մենք վերցնում ենք բոլոր ցանկացողներին` ե՛ւ կաշկանդված, ե՛ւ ամաչկոտ, ե՛ւ բարդույթավորված, առանց առանձնահատուկ վոկալ-խորեոգրաֆիկ տվյալների: Հետո խնամքով եւ համբերությամբ աճեցնում ենք մեր աստղիկներին, ներկայացնում աշխատանքի պտուղներն ու հպարտանում նրանցով: Ներկա պահին պատրաստում ենք 2 մյուզիքլներ` «Երաժշտության հնչյունները»` ավագ խմբի, եւ «Սպիտակաձյունիկ»` փոքրիկների  համար: Առաջնախաղը նախատեսում ենք մայիս ամսին: Առջեւում զգեստների եւ դեկորների պատրաստումն է, խորեոգրաֆիկ բեմադրություններն են, բեմական խոսքի մշակումն է եւ այլն: Այս առումով մյուզիքլի դպրոցի հետ կապված ծրագրերը սկսում են ձեռք բերել հստակ ուրվագծեր: Այսպես իմ սիրած աշխատանքով ես զբաղվում եմ ավելի քան քառորդ դար: 

- Կարելի է ասել, որ անձնական եւ պրոֆեսիոնալ առումներով Դուք «Երջանիկ եք, ինչպես ոչ ոք, երջանիկ եք մի 100 տարի…»

- (Ծիծաղում է) Հասկանում եմ, որտեղ եք տանում, բայց՝ մի փոքր նախաբան: Երբ 25 տարուց ավելի բնակվում ես Ռուսաստանում, երբ ելք ու մուտք ունես ռուսական «բոմոնդ», կամա թե ակամա սկսում ես հասկանալ շոու բիզնեսի նրբությունները, նախագծերի եկամտաբերությունն ու հակառակը: Ես չեմ խուսափում այս սահմանումներից, քանի որ իմ տարերքը` մյուզիքլը, հիմնականում կոմերցիոն նախագիծ է, բայց, ցավոք, ոչ միշտ ներդրումներն արդարացնող: Սիրված գործով առանց հովանավորների զբաղվելու համար էլ, ինչպես հայտնի է, հարկավոր են արտաքին ներդրումներ: Եվ մենք սկսեցինք մտածել` ինչպե՞ս գումար աշխատել արագ եւ էֆեկտիվ: Ինչպես արդեն գիտեք, 2018 թվականի փետրվարի 24-ին Երեւանում իր «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» միակ համերգային ծրագրով հանդես կգա Գրիգորի Լեպսը: 

Կանխատեսելով «Ինչո՞ւ Լեպս» հարցը՝ պատասխանում եմ. որովհետեւ նա «number 1»ն է, որովհետեւ նրան այստեղ սիրում են, ասածիս հաստատումը նախորդ 2 համերգների լեփ-լեցուն դահլիճներն են: Եվ, ի վերջո, նա պետք է դուր գա նաեւ կազմակերպիչներին, իսկ որպես կատարող նա ինձ դուր է գալիս: 

- Փետրվարը Երեւանում ամենաակտիվ ամիսը չէ…

- Դուք չեք հավատա, բայց այս տարվա մայիսին՝ Լեպսի հետ 2018 թվականի փետրվարի 24-ի համար պայմանագիր կնքելու պահին, մենք համոզվեցինք, որ դա նրա միակ ազատ ժամանակահատվածն էր, քանի որ մինչեւ 2020 թ. արտիստի մոտ ամեն ինչ ծրագրած է:

- Ինչո՞վ է բացատրվում տոմսերի գնային քաղաքականության այսչափ լայն դիապազոնը:

- Երկրպագուների ֆինանսական տարբեր հնարավորություններով: 

- Արդյո՞ք առաջանում են դժվարություններ նման տրամաչափի արտիստների հետ աշխատելիս: 

- Երբ երկու կողմերից աշխատում են արհեստավարժ մասնագետներ, բոլոր դժվարությունները հաղթահարելի են, իսկ աշխատանքը վերածվում է հաճույքի: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դրանք առկա են ամենուրեք եւ ամեն ինչում, հատկապես երբ խոսքը տոմսերի սպառման մասին է, այն էլ՝ այնպիսի դահլիճում, ինչպիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է: Սակայն քանի որ մեր թիմը կազմավորված է «պաթոլոգիական» լավատեսներից, իսկ համերգային ծրագիրը` Գրիգորի Լեպսի հին, սիրված ու նոր երգերից, մենք ասում ենք` մեզ մոտ ամեն ինչ ուղղակի հրաշալի է լինելու:  

Անձամբ ինձ համար մյուզիքլի ու սիրված աշխատանքի հետ, ինչպես Լեպսն է երգում, յուրաքանչյուր օրը լավագույնն է: