Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-11-2017
Կներկայացվի «Շոպենիանա» բալետի վերականգնված տարբերակը
Վաղը՝ նոյեմբերի 23-ին, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության հիման վրա ստեղծված «Շոպենիանա» բալետային ներկայացումը՝ վերականգնված տարբերակով:



«Շոպենիանա»-յի առաջին տարբերակը, որը 1906 թվականին ստեղծել է բալետմայստեր Մ. Ֆոկինը, ոչ մի ընդհանուր բան չունի այժմյան «Շոպենիանա»-յի հետ: Այժմյան բեմադրությունը ծնվել է 1908-1909 թթ.: Ֆոկինը, հրաժարվելով իր նախնական գաղափարից՝ մեկուսական, սյուժետային պարեր բեմադրել Շոպենի պիեսների համար, ստեղծեց ոճաբանական իմաստով ամբողջական խորեոգրաֆիկ կոմպոզիցիա: 



Բալետը չունի կոնկրետ եւ զարգացող սյուժե: Այստեղ պլաստիկ կերպարների լեզվով արտահայտված են Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրություններ՝ ռոմանտիկ երազկոտությունից եւ մելամաղձոտ տխրությունից մինչեւ պայծառ, լուսաշող ուրախությունը: Պարը, հետեւելով Շոպենի մեղեդուն, հանդիսատեսի առջեւ բացում է կոմպոզիտորի պոետիկ աշխարհը: Այստեղ ամեն ինչ տրամաբանորեն ենթարկվում է երաժշտական մտքին եւ իմաստին:



Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա այն բալետն է, որը Խորհրդային Միության ժամանակ շատ տարածված էր, չկար այնպիսի թատրոն, որ չունենար «Շոպենիանա» բալետը. «Այն համարվում է դասական բալետի գոհարներից: Նախատեսվում է երկու ամիսը մեկ ներկայացնել հանդիսատեսին: Բալետային ներկայացման մեջ ոչ մի փոփոխություն չի արվել, քանի որ դրա իրավունքը ոչ ոք չունի: Դասական գործերը չի կարելի փոփոխության ենթարկել: Այն վաղուց է ներկայացումների ցանկում, մենք պարզապես վերականգնել ենք: Անխոս, այստեղ մեծ է նաեւ փորձավարների աշխատանքը: Էլվիրա Մնացականյանը, Ելենա Պավլիդին եւ Էմմա Նահապետյանը հսկայական ներդրում են ունեցել»:



Նշենք նաեւ, որ համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ «Շոպենիանա»-յի նշանակությունը շատ մեծ է: