Նյութը՝ «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ից
Լուսանկարները՝ «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ից
Տեղադրվել է 22-11-2017
Ամփոփվեց «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը
Նոյեմբերի 19-ին ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը:

Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից եւ Երեւան քաղաքից 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում նոյեմբերի 13-19-ը մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու ոլորտի փորձագետներին: 

Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստականության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման եւ հայրենասիրության տարրեր: 

Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈՒ-ի՝ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս՝ գործնականում ծանոթանալով զինվորական առօրյային, եւ Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: 

Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրեր: 

Ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն, բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը եւ հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։ 

Ծրագիրն իրականացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ եւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի աջակցությամբ։