Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-11-2017
Բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կուղղվի վերականգնողական կենտրոնի ստեղծմանը
«Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով համահայկական համալիր միջոցառումների շրջանակում նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա բարեգործական համերգ։

«Էխո» հասարակական կազմակերպությունը նմանօրինակ  ծրագրերի շրջանակում նպատակ ունի լուծելու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոնի կառուցման հարցը:

«Մեր կազմակերպությունը 2008 թվականից իրականացնում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների վերականգնողական անվճար ծրագիր: Այս տարիների ընթացքում կազմակերպության օժանդակությանն ապավինող երեխաների թիվը հասել է մոտ 200-ի: Նրանք տարբեր բարդությունների առողջական խնդիրներ ունեն: Տարեցտարի դրական տեղաշարժն առավել նկատելի է դառնում: Սակայն միայն պետպատվերի շրջանակում վերականգնողական բուժում ստանալն այնքան էլ արդյունավետ չէ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնում են, որ երեխաներին ամեն օր 3-4 վերականգնողական կենտրոն են տանում, ինչը բարդ է, հոգնեցուցիչ, եւ երեխաների վրա դրական ազդեցություն չի թողնում:

«Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ պետպատվերի շրջանակում իրականացվող վերականգնողական ծառայությունները բավարար չեն: Որոշեցինք ստեղծել այնպիսի վերականգնողական կենտրոն, որ ոլորտում եղած բացը լրացնի եւ առաջարկի բուժման այլընտրանքային  լուծում»,- փաստեց Սերյոժա Օհանջանյանը: 

Ինչ վերաբերում է նոյեմբերի 29-ին կայանալիք բարեգործական համերգին, ապա պետք է նշել, որ կազմակերպությունը  սահմանել է այնպիսի գնային սանդղակ, ըստ որի՝ տոմսերի համար սահմանված գինը չի գերազանցում 2000-ը։

«Կարծում եմ՝ մատչելի տարբերակ է մեր համաքաղաքացիների համար, որպեսզի գան եւ վայելեն համերգը: Միաժամանակ վերականգնողական կենտրոնի համար այդ փոքրիկ ներդրմամբ որոշակի առաքելություն իրականացնելու հիանալի հնարավորություն է: Տարբեր երկրներում ենք համերգներ ունեցել, եւ փորձը ցույց է տալիս, որ մարդկանց շրջանում համերգներին մասնակցելու, լավ երաժշտություն լսելու եւ օգնելու ցանկություն կա: Բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ենք ստանում, որով ցանկություն են հայտնում կամավոր սկզբունքներով մեզ օգնելու մասին: Այնպես որ բարեգործություն անելու եւ աջակցելու գիտակցումը մեր հասարակության մեջ շատ մեծ է»,- մանրամասնեց կազմակերպության հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունին:

Հավելենք, որ  կայանալիք միջոցառմանը կմասնակցեն Արամ MP3-ն, Հասմիկ Կարապետյանը, Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նարե Գեւորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ այլք։ Միջոցառումը նաեւ հումորային հատված կունենա, որն ապահովելու է դերասան Հայկ Պետրոսյանը: Երեկոն էլ կվարեն սիրված հաղորդավարներ Ժակը եւ Լուսինե Բադալյանը։