Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-11-2017
Ջոտտո. «թիֆլիսյան դպրոցի» ներկայացուցիչը…
Հայկական կերպարվեստում ուրույն տեղ ունեն «թիֆլիսյան դպրոցի» ստեղծագործությունները: 19-րդ դարից Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիս (ներկայումս՝ Թբիլիսի) քաղաքում էին ստեղծագործում մի շարք հայ տաղանդավոր նկարիչներ: Հեղինակներից առանձնանում է վաստակավոր նկարիչ Գեւորգ Գրիգորյանը՝ Ջոտտոն:



Ծնվել է 1897 թ.: 7 տարեկանից ստիպված է եղել աշխատել. մանր ծառայություններ էր մատուցում մազութի պահեստում, վարսավիրանոցում, սուրհանդակություն էր անում, թերթեր բաժանում, կրպակում միրգ ու գրքեր վաճառում, ապակեգործությամբ զբաղվում եւ այլ աշխատանքներ կատարում:

Գեւորգ Գրիգորյանը հաճախել է Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի եւ քանդակագործության դպրոց, սովորել է նաեւ Մոսկվայում: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, եւ հենց այդ ժամանակահատվածում են ծնվել նշանավոր շատ աշխատանքներ:



Սակայն 1948 թ. նկարչի համար սկսվում են դժվար տարիներ: Դա արվեստի աշխարհում մերժված լինելու եւ մեկուսացման շրջան էր: Գեւորգ Գրիգորյանն անգամ հեռացվում է Վրաստանի նկարիչների միությունից: Հուսահատության եւ անելանելիության մեջ հայտնված նկարիչն այրում է 300 գեղանկարչական աշխատանք: 1950-ական թվականներին արվեստը սկսում է նորովի ընկալվել ու վերարժեւորվել: Նկարիչը շուտով տեղափոխվում է Երեւան:

Ջոտտոյի մահից հետո՝ 1977 թ., Երեւանում բացվում է վարպետի արվեստանոց-թանգարանը: Այսօր այն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է: Այդտեղ ամփոփ ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր: Մյուս աշխատանքները պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀԱՊ-ում, Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։



Գեւորգ Գրիգորյանին հետաքրքրող թեմաներն ու սյուժեները բազմազան են, որոնք գեղարվեստական արտացոլումն են գտել նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներում: Ջոտտոյի նախասիրած նկարչական ժանրը նատյուրմորտն է եղել:

Հ.Գ.: Նոյեմբերի 25-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է արվեստագետի ծննդյան 120-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն՝ «Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» խորագրով: Ներկայացված են 62 գեղանկար եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնցից շատերը նախկինում չեն ցուցադրվել: Այն կգործի մինչեւ 2018 թվականի փետրվարի 25-ը: Մուտքն ազատ է: