Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Անի Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 26-11-2017
«Հաջողության գրավականը». երիտասարդ ատամնաբույժ, ում համար երջանկություն է մարդկանց անկաշկանդ ժպիտ պարգեւելը
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է այն հայ երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ ներկայացնում ենք 25-ամյա ատամնաբույժ Անի Մկրտչյանին:

Մասնագիտության ընտրության կտրուկ որոշում. հանրային կառավարումից անցում ստոմատոլոգիա…

Մինչեւ մասնագիտական լիարժեք կողմնորոշումս ես մտածում էի, որ պետք է այնտեղ սովորեմ, որտեղ քույրս կսովորի: Նրա հետ չափազանց շատ եմ կապված: Չեմ հիշում կյանքումս մի պահ, որ կողքիս չլինի, կամ՝ ես նրա կողքին: Քույրս ընդունվեց իրավաբանական, իսկ ես որոշեցի ընդունվել Հանրային կառավարման բաժին, որը նույն շենքում էր: Որոշեցի պարապել հենց այն դասախոսների մոտ, ինչ քույրս, սակայն ընթացքում հասկացա, որ դա այն ոլորտը չէ, որտեղ ես ինձ վստահ եմ զգում: Այդ օրերին, երբ ատամնաբույժի մոտ էի գնում, զուգահեռ սկսեցի հետաքրքրություն դրսեւորել հենց ատամնաբուժության ոլորտի նկատմամբ: Որոշումս հստակ էր, ու ես վստահ էի, որ ցանկանում եմ դառնալ ատամնաբույժ ու մարդկանց գեղեցիկ ժպիտ պարգեւել: Ի վերջո, մեր մասնագիտության էությունը ոչ միայն առողջություն պարգեւելն է, այլեւ անկաշկանդ եւ գեղեցիկ ժպտալու հնարավորություն: Այդպես ընդունվեցի ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավր, որից հետո՝  մագիստրատուրա, օրդինատուրա: Ես այն երջանիկ մարդկանցից եմ, ում ծնողները մասնագիտության ընտրության հարցում չեն միջամտել, ընդհակառակը՝ սատարել են եւ ոգեւորել: 



18 տարեկանում պրակտիկայի անցնելու որոշում, առաջին աշխատանքային քայլեր, համարձակություն, ռիսկի դրսեւորում…

2-րդ կուրսում էի, երբ որոշեցի, որ պետք է պրակտիկայի գնամ, որովհետեւ ցանկանում էի ամեն րոպես օգտագործել, որպեսզի ավելին սովորեի ու իմանայի: Սակայն գիտակցում էի, որ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու, շատ բան ունեմ սովորելու, բայց ցանկանում էի տիրապետել նաեւ աշխատանքային գործընթացին: Առաջին հայացքից ամեն բան հեշտ է թվում, քանի որ դու պարզապես նայում ես, հետեւում բժշկի աշխատանքին, սակայն այլ է, երբ ինքդ ես սկսում աշխատել: Այս պարագայում առկա է պատասխանատվության զգացումը՝ առաջ եւ հետո: Առավոտյան դասի էի գնում, հետո՝ պրակտիկայի: Կարելի է ասել, որ օրվա մեծ մասը տանը չէի լինում, իսկ տանը լինելու դեպքում էլ դասերիս էի պատրաստվում: Գիտե՞ք, հիմա ուրախ եմ… Չնայած այդպիսի դժվար օրեր եմ ունեցել, շատ հաճախ՝ անքուն, սակայն վստահ կարող եմ ասել, որ առանց այդ օրերի չէի հասնի այն ամենին, ինչին հասել եմ: Իրականում դա նաեւ իրարամերժ իրավիճակ է, որին մեծ տարիքում դժվար է հարմարվել, բայց ես գիտակցում էի, որ ունեմ նպատակ, որին պետք է հասնեմ:

Առաջին եւ ինքնուրույն աշխատանքը, որ կատարել եմ, ատամնաքարերի մաքրումն է եղել, եւ բնականաբար լավ հիշում եմ նաեւ տվյալ անձին: Առաջին անգամ էր, եւ անխոս անհանգիստ էի, բայց դա չեմ կարող վախ կոչել, քանի որ ես գիտակցում էի, որ անում եմ աշխատանք, որի բարդության աստիճանին ծանոթ եմ ու կարող եմ հաղթահարել: Պետք է յուրաքանչյուր գործ սկիզբ ունենա, արմատներ գցի, եւ վախը տվյալ պարագայում պետք է հաղթահարել: Անխոս, կարեւոր է նաեւ համարձակությունը, առանց որի անհնար է աշխատելը: Դա օգնում է ռիսկերը եւս հաշվարկել ու համապատասխան գնահատականներ տալ:



Տարիքային տարբեր խմբերի եւ տարբեր խառնվածքի մարդկանց հետ աշխատելը…

Ամենափոքր «հիվանդս» եղել է 6 ամսական փոքրիկ, իսկ ամենամեծը՝ 70-ն անց: Առհասարակ յուրաքանչյուր տարիքային խմբի հետ աշխատանքն անհատական բնույթ է կրում, քանի որ տարիքը երբեմն կապ չունի մարդու վարքի դրսեւորման հետ: Ավելի շուտ ես նրանց կբաժանեի խմբերի, որոնցում տարբեր խառնվածքի մարդիկ են: Պարզապես պետք է համբերատար լինել, հասկանալ՝ ի՞նչ բնավորության մարդու հետ պետք է աշխատես, ի՞նչ է նա ցանկանում: Պետք է խոստովանեմ, որ երեխաների հետ ավելի լարված եմ լինում, սակայն միջավայրն այնքան բարի ու դրական է, որ լարվածությունս անցնում է: Բժիշկների նկատմամբ երեխաների բացասական վերաբերմունքը շատ հաճախ ծնողներից է գալիս, քանի որ նրանք բժիշկներով են վախեցնում երեխաներին, իսկ դա, կարծում եմ, սխալ է, քանի որ երեխաներն այդպիսով սկսում են վախենալ, չվստահել: Ես փորձում եմ նախ շփվել, խոսել, զրուցել, որպեսզի երեխայի կարծիքը փոխվի: Ի վերջո, ցանկացած բժիշկ հոգեբանական տեսանկյունից պետք է նախ փորձի հասկանալ հիվանդին: 

«Пациент», «հիվանդ» բառերի կիրառության մասին…

«Пациент» բառը տարածված է, սակայն հայերեն խոսելու ցանկություն է առաջանում, ուստի միակ կիրառելի բառը դառնում է հենց «հիվանդը»: Եթե գլոբալ առումով մտածենք, ապա ատամը եւս օրգան է համարվում, որը եւս կարող է հիվանդ լինել: Ատամնաբուժությունը բժշկության այն ոլորտն է, որը մեկտեղում է բուժումն ու էսթետիկան: Սակայն պետք է խոստովանեմ, որ էսթետիկան մեր օրերում առաջնային դիրքում է, ուստի ատամների բուժումն էլ շատերը համարում են էսթետիկական մոտեցում: 



Ամենադժվար «հիվանդները»…

Ամենադժվարը հարազատ մարդկանց հետ եմ աշխատում: Կարող եմ ասել՝ անգամ ձեռքերս են հաճախ դողում: Բացի նրանից, որ փորձում ես ավելի նուրբ լինել, չցավեցնես, ավելին՝ դու դառնում ես, կոպիտ ասած, ղեկավարի եւ հրամայողի դերում, ինչն անխոս դժվար է: 

Առանձին փոքրիկ անկյունը, ատամնաբուժարան ունենալու երկար ճանապարհը…

Շատ երկար եմ մտածել ու ստեղծել իմ երկրորդ անկյունը: Պետք էր, որպեսզի պահը հասունանար, պետք էր սկսել, երբ ամեն ինչ լիներ, որովհետեւ բոլոր գործիքներն ու նյութերը պետք է ունենայի: Եթե որեւէ բան չլինի, ապա գործը կիսատ է մնում: Երկրորդ անկյունս ստեղծելու համար բավականին ժամանակ պահանջվեց, եւ դեռ շարունակում եմ ամեն բան անել, որպեսզի ե՛ւ ինձ համար հարմարավետ լինի, ե՛ւ «հիվանդներիս»:  Շատ հաճախ հարց են տալիս, իսկ երբ կունենամ ավելի մեծ կլինիկա, որն ինքս կղեկավարեմ: Սեփական մեծ կլինիկա ունենալու համար պետք է հոգեբանորեն պատրաստ լինել, քանի որ դու այդ պարագայում պատասխանատվություն ես կրում ոչ միայն յուրաքանչյուր հիվանդի, այլեւ քեզ ենթակա աշխատողի արած աշխատանքի համար: Ես դեռ 25 տարեկան եմ եւ կարծում եմ, որ այդ պահը դեռեւս չի հասունացել: 



Ազատ ժամանակի տնօրինում, էներգիայի երկրորդ աղբյուրը…

Ինձ համար հստակ տարանջատում ունի գործնական եւ անձնական կյանքը: Դրանք փոխկապակցված են, սակայն մեկը մյուսին երբեք չի կարող միաձուլվել, խանգարել: Բժշկի մասնագիտությունը նման չէ մյուս մասնագիտություններին: Մենք մարդկային կյանքերի հետ գործ ունենք, եւ աշխատանքային ժամերը պետք է զերծ մնան այն իրավիճակներից եւ խնդիրներից, որոնք կան կյանքում: Պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա: Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, սակայն աշխատում եմ դա տնօրինել ի օգուտ ինձ: Սիրում եմ շոփինգի գնալ եւ իհարկե սիրում եմ ժամանակս անցկացնել շանս՝ Լիկայի հետ: Վերջինս մի այլ էներգիա է փոխանցում: Առհասարակ կենդանասեր եմ: 

Հաջողության գրավականը…

Երբ սիրում ես աշխատանքդ, երբ տեսնում ես, որ քո աշխատանքից գոհ են, ապա դրանից հաճելի բան չկա: Դու հասկանում ես, որ դու երջանիկ ես, որ իրականացնում ես այն, ինչ մտադիր ես եղել: Միշտ կա այն զգացողությունը, որ որեւէ բան չես հասցրել անել, ցանկանում ես անել, սովորել նորից ու նորից: Ես չեմ կարծում, որ հասել եմ նրան, ինչն իրականում ուզում եմ: Կարծում եմ՝ առհասարակ կյանքն իսկապես աստիճանական համակարգ է, եւ այդ համակարգն անսահման է, պարզապես մենք ամեն քայլին սովորում ենք, հարմարվում իրավիճակներին կամ փորձում հաղթահարել: Ես սիրում եմ աշխատանքս: Այն իմ էներգիայի աղբյուրն է առանց որի ես չեմ պատկերացնում կյանքս: