Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-11-2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում հաղթեց Ռուսաստանը. Հայաստանը 6-րդն է
Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը: Մրցույթի արդյունքներով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Բոգուսեւիչը «Крылья» («Թեւեր») երգով:

Հայաստանը ներկայացնող Միշան (Միքայել Գրիգորյան) գրավեց 6-րդ հորիզոնականը: Քվեարկության արդյունքներով Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10 միավոր՝ Լեհաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, 8՝ Բելառուսից, Պորտուգալիայից, 7՝ Մալթայից, 3 միավոր Ավստրալիայից, 2-ական միավոր Մակեդոնիայից ու Սերբիայից: Օնլայն քվեարկության արդյունքներով Միշան ստացավ եւս 56 միավոր: 

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ն անցկացվեց 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա՛ պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից՝ մասնակցեցին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:  

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարեւոր փոփոխություններ էին իրականացվել: Ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կարողանում էր քվեարկել նաեւ իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը ավարտվեց նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, եւ վերաբացվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր 16 ելույթներից հետո: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների, դարձավ մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձեւավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող ճանաչվեց ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) ներկայացավ «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

Նշենք, որ հաջորդ տարի  «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը տեղի կունենա Բելառուսում: