Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-11-2017
«Արմմոնո Plus»` նվիրված Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին
Նոյեմբերի 26-29-ն «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ անցկացվում է «Արմմոնո Plus» թատերական փառատոնը: Այն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է ու նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը կկարողանա դիտել 9 մոնոներկայացում: Կցուցադրվեն Նարեկ Բաղդասարյանի «Համլետ Machin», Արմեն Քուշկյանի «Նաստասիայի դերում իշխան Լեւ Նիկոլաեւիչ Միշկին», Արա Ասատուրյանի «Խելագարի հիշատակարան», Ստեփան Շահինյանի «Վերջապես վերջ», Արամ Հայրապետյանի «Կարապի երգը», Մարիամ Դավթյանի «Անծանոթ կնոջ նամակը» (Արմմոնո-դեբյուտ), Դիանա Բաբայանի «Ինչի՞ համար է այս անակնկալը» (Արմմոնո-դեբյուտ), Կարոլինա Եսայանի «Կարապը» եւ Մարիաննա Մարուշանկովսկայայի «Աղջիկն ու ջութակը» (Արմմոնո-կլաս) ստեղծագործությունները:   

«Արմմոնո Plus» փառատոնի ընթացքում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Երիտասարդ թատերագետ Ռուզաննա Առաքելյանի դիտակետում «Էկրանը՝ մոնոներկայացումներում» եւ «Մեկ դերասանի թատրոն» թեմաներն են:

«Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնը հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2018 թ.-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ը: Հավելենք, որ ներկայացումների մուտքն անվճար է:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին՝ ծանր հիվանդությունից հետո, 81 տարեկանում կյանքից հեռացավ խորհրդային եւ հայ թատերական գործիչ, բեմադրիչ եւ ռեժիսոր, Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Նա 1964 թվականից ղեկավարում էր Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որտեղ բեմադրել է ավելի քան 150 ներկայացում: