Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-11-2017
Մեկնարկել է Երիտասարդական 3-րդ գիտաժողովը
Մատենադարանում այսօր մեկնարկեց Երիտասարդական 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն:

Չորս տասնյակից ավելի մասնակիցները ներկայացնում են հայաստանյան եւ արտասահմանյան գիտակրթական հաստատություններ: Ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ գիտաժողովի թեմատիկ ընդգրկումը բազմաբնույթ է եւ նվիրված է միջնադարյան հայ կյանքի, պատմության, բժշկագիտության, աստվածաբանության, լեզվի եւ գրականության բազմաշերտ հարցերի քննությանը:



Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը փաստեց, որ Մատենադարանում մշտապես նմանօրինակ գիտական մթնոլորտ է ստեղծվում, որը ներշնչման կարեւոր աղբյուր է. «Պետք է փաստեմ, որ երիտասարդական բառն այս պարագայում հարաբերական բնույթ է կրում, քանի որ նախորդ տարիները ցույց են տվել, որ ներկայացված աշխատանքները բավականին գիտակ եւ ոլորտից հասկացող մարդկանց աշխատանքներ են: Գիտաժողովն ինքնին նաեւ միջազգային բնույթ ունի, քանի որ ինչպես տեսնում ենք, մասնակիցներ ունենք նաեւ արտերկրից: Հուսով եմ, որ հաջորդիվ առավել շատ մասնակիցներ կունենանք»:

Վահան Տեր-Ղեւոնդյանը նաեւ մեծ ուրախությամբ փաստեց, որ երիտասարդների բազմաթիվ աշխատանքներ են տպագրվել, ինչը վկայում է, որ երիտասարդները ոչնչով չեն զիջում ավագ սերնդի ներկայացուցիչներին: 



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախագահ, Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ նախորդ գիտաժողովն իր ծավալներով ավելի մեծ էր, սակայն 3-րդ գիտաժողովն առավել ներկայացուցչական է. «Վերջնաժամկետի ավարտին ունեինք մոտ 60 զեկուցում, որոնց ընտրության համար ձեւավորվեց համապատասխան հանձնաժողով: Ընտրվեց շուրջ 40 մասնակից ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Նախորդ գիտաժողովում առկա բացթողումները փորձել ենք շտկել»:

Այն հարցին, թե ինչ են տալիս երիտասարդներին այդ գիտաժողովները, արդյոք նրանք կարողանում են ներկայացնել իրենց ողջ ներուժը, Խաչիկ Հարությունյանը պատասխանեց. «Անշուշտ, նմանօրինակ գիտաժողովների ժամանակ ենք կարողանում ճանաչել եւ բացահայտել շատ երիտասարդների, նրանց հետաքրքրությունները: Հաճախ չէ, որ Հայաստանում նմանաբնույթ թեմաներով գիտաժողով է կազմակերպվում, ուստի այն հետաքրքիր է ե՛ւ մասնակիցների, ե՛ւ գիտաժողովի ընթացքին հետեւողների համար: Մատենադարանի բազմաբնույթ գործառույթները գիտական ոլորտում հաշվի առնելով՝ մենք կարողանում ենք համատեղել միջնադարյան բժշկությունը, միջնադարյան լեզվաբանությունը, գրականությունը, պատմությունը, աստվածաբանությունը»:



Երիտասարդների աշխատանքները հետագայում տպագրվելու կապակցությամբ Խաչիկ Հարությունյանը փաստեց, որ նախորդ գիտաժողովի նյութերի մի մասը տպագրվել է «Բանբեր» գիտական հանդեսում, իսկ այս տարվա նյութերը եւս բացառություն չեն լինի: Տպագրման ենթակա նյութերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, ինչպես նաեւ ենթարկվեն համապատասխան քննության: 

Գիտաժողովի մասնակիցների թվում է նաեւ Սառա Սկարպելինին, ով Իտալիայից է եւ սովորում է Ժնեւում: Զբաղվում է պարականոն բնագրերի, տեքստերի ուսումնասիրությամբ: Այժմ ուսումնասիրում է Պետրոսի եւ Պողոսի տեքստերը: Նրա խոսքով՝ դա քիչ ուսումնասիրված թեմա է, ուստի ցանկացել է խորապես ուսումնասիրության ենթարկել: 



Այն հարցին, թե ինչու է որոշել սովորել հայերեն եւ ուսումնասիրել հին բնագրերը, Սառա Սկարպելինին նշեց, որ Իտալիայում հունարենին զուգահեռ հայերեն եւս ուսումնասիրում են, սակայն հայերենը նրան ավելի շատ է գրավել: Ուսումնասիրությունները սկսել է գրաբարից:

«Արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստանում եմ: Առաջին անգամ եկել էի վեց ամսով, իսկ այս անգամ եկել եմ գիտաժողովին մասնակցելու: Ցավոք, շատ երկար չեմ կարող այս անգամ վայելել Հայաստանը, սակայն մտադիր եմ առավել խորացնել հայերենիս իմացությունը, որպեսզի շարունակեմ ուսումնասիրություններս»,- ասաց նա:



Նշենք, որ գիտաժողովը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Այս օրերին երիտասարդները կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները եւ կատարած աշխատանքները: