Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 30-11-2017
Հերթական ջազային երեկոն՝ Երեւանում
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) նոյեմբերի 29-ին հյուրընկալել էր Հայաստանի պետական ջազ նվագախմբին՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հյուրընկալել է մեզ: Կրկնակի ուրախ եմ, որ այսքան մարդ է ներկա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին: Մենք կներկայացնենք խայտաբղետ ջազային ծրագիր. դասական, ավանդական ստեղծագործություններից մինչեւ ժամանակակից»,- ներկաներին ողջունելով՝ նշեց Արմեն Հյուսնունցը:

Համերգը մեկնարկեց դասական ջազային կատարումներով, իսկ հետո հնչեցին նոր ստեղծագործություններ՝  համեմված խայտաբղետ իմպրովիզներով:

Համերգի ողջ ընթացքում տիրում էր բարձր եւ ջերմ ջազային տրամադրություն։ Ջազային հնչյուններով համեմված երեկոն անմասն չմնաց բուռն եւ չդադարող ծափահարություններից:

Պետք է փաստել, որ 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում աֆրիկյան եւ եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի այդ ձեւը երբեք չի դադարում լսելի լինելուց: Այն յուրահատուկ կոլորիտ է ձեւավորում, որտեղ միախառնվում են մարդկային բոլոր զգացմունքները: