Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-11-2017
6000 ավտոմեքենայի վաճառք՝ ընդամենը 137 վայրկյանում
Չինացիները վստահեցնում են, որ աշխարհի նոր ռեկորդ են սահմանել՝ երկու րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում վաճառելով 6000 ավտոմեքենա։

«Lynk&Co» ընկերությունը, որը հիմնադրվել է հեղինակավոր «Geely» կոնցեռնի կողմից, եւ որին պատկանում է «Volvo»-ի բաժնետոմսերի հիմնական փաթեթը, օրերս սկսել է իր առաջին մոդելի՝ «01» ամենագնացի վաճառքը։ Սկզբում ավտոմեքենայի վաճառքը հասանելի է եղել միմիայն համացանցի միջոցով, չնայած այսօր այն հասանելի է նաեւ ավտոմեքենաների պաշտոնական վերավաճառքով զբաղվող ընկերություններին։ Մեքենայի մեկնարկային գինը 170 հազար չինական յուան է՝ շուրջ 26 հազար ամերիկյան դոլար։

«Lynk&Co» ընկերությունը պնդում է, որ առցանց վաճառքը համաշխարհային ռեկորդ է սահմանել. 137 վայրկյանների ընթացքում վաճառվել է «01» մակնիշի 6000 օրինակ։ Իհարկե, դժվար է հստակ ապացուցել, որ նշյալ պատվերները գրանցվել են նշյալ ժամանակահատվածում, սակայն եթե դա անգամ այդպես է, ապա ներկա փուլում դեռեւս երիտասարդ ավտոմոբիլային բրենդի լուսավոր ապագայի մասին խոսելը խիստ վաղ է։

Հիշեցնենք, որ առաջին անգամ ամենագնացը ներկայացվել էր մեկ տարի առաջ։ Ընկերությունը, որը զբաղվել է մեքենայի արտադրությամբ, եւս նորաստեղծ է. այն հիմնադրվել է մեկ տարի առաջ։ Նոր ավտոմոբիլային բրենդի համար հիմնական շուկան Չինաստանն է, սակայն մոտակա ապագայում ընկերությունը պատրաստվում է արտահանում իրականացնել դեպի Ամերիկա եւ Եվրոպա։

Այս պահին հաճախորդին առաջարկվում է «01» ամենագնացի պարզ տարբերակ. երկլիտրանոց բենզինային շարժիչ, որն ունի 190 ձիաուժ հզորություն։ Ավելի ուշ շուկայում կհայտնվի նաեւ ավելի քիչ ծավալով տարբերակը՝ 1,5 լիտրանոց բենզինային շարժիչ եւ 179 ձիաուժ հզորություն։

Հետաքրքիր է, որ Շանհայում «Lynk&Co» ընկերության ներկայացուցիչը վերջերս հայտարարել էր, թե ընկերությունը պատրաստ է գնորդներին ցմահ ապահովագրություն տալ իր մոդելի համար։ Բացի դրանից՝ գնորդները կստանան անվճար եւ առանց սահմանափակումների մուտք համացանց Չինաստանում, որտեղ շատ կայքեր արգելափակված են մինչեւ այսօր։