Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2017
Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի
Սիրված ու ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի:

Այդ մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական՝ grammy.com կայքը: Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: «Գրեմմի»-ին է առաջադրված նաեւ Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»: 

Բացի դրանից՝ հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը եւ երջանկահիշատակ ռուս երգիչ Դմիտրի Խվորոստովսկին նույնպես «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների շարքում են: Նրանք ներկայացվել են «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: 

Նշենք, որ «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

«Գրեմմի»-ն Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Ժամանակակից երաժշտական ամենահեղինակավոր մրցանակն է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը տրվում է 108 կատեգորիաներում՝ 30 երաժշտական ժանրերով՝ ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում: