Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-11-2017
3 մլրդ դոլարի կորուստ՝ երկու շաբթավա ընթացքում
Համակարգչային խաղեր արտադրող «EA» ընկերության նորույթը՝ «Star Wars: Battlefront 2»-ը, շարունակում է ցածր ցուցանիշներ գրանցել` ազդելով ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գնի արագ նվազմանը։

«Star Wars: Battlefront 2» համակարգչային խաղի ստեղծագործական անձնակազմը չէր էլ կարող ամենավատ մղձավանջում տեսնել ու կանխատեսել, որ իրենց խաղը կարող է բոյկոտվել առկա բազմաթիվ թերացումների եւ տեխնիկական խոտանի պատճառով։ Մինչդեռ համակարգչային խաղերի սիրահարներն ամբողջ աշխարհում շարունակում են հայտարարված բոյկոտն ընդդեմ «EA» ընկերության, որի ֆինանսական ակցիաները վերջին երկու շաբաթների ընթացքում նվազել են մոտ 8.5 տոկոսով, ինչի արդյունքում հանրահայտ ընկերության գինն էլ ընկել է ավելի քան 3 մլրդ դոլարով։

Զարմանալի չէ, որ ամերիկյան «Սեւ ուրբաթ» տոնական զեղչերի ժամանակ շատերը սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածել, որտեղ ներկայացված են խոշոր խանութների դատարկ մնացած պահարանները, եւ դրանց կողքին լի էին միայն «Star Wars: Battlefront 2»-ով լցված պահարանները՝ վրան լիքը փոշի։ Խնդիրն այնքան է խորացել, որ խաղեր արտադրող ընկերություններից շատերը որոշել են միավորվել եւ ստեղծել Ազգային խորհուրդ, որը կզբաղվի համակարգչային խաղերի քաղաքականությամբ։

Առաջին կարեւոր խնդիրը, որը կլուծի վերոնշյալ խորհուրդը, կլինի խորհրդատվությունը քաղաքական գործիչներին, որպեսզի վերջիններս կարողանան համապատասխան եւ ճիշտ ժամանակին արձագանքեն ու որոշումներ կայացնեն։ Մյուս կարեւոր հարցը կլինի խաղերի սիրահարների շահերի պաշտպանությունը, որպեսզի հետագայում այլեւս մասշտաբային ու նմանօրինակ տեխնիկական խնդիրներ չծագեն։