Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2017
Կայացավ «ԻՄ ԱՊԱԳԱՆ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է» տարվա գալա համերգը
«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրից ի վեր մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին տրամադրում է սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ եւ անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ:
Այդ պարագաները նպաստում են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների սոցիալ-առողջական, կրթական ներառմանը եւ վերականգնմանը ՀՀ-ում։

Շուրջ 1 տարի է, ինչ կազմակերպությունը նախաձեռնել է Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ում եւ Սփյուռքում իրականացվում է «ԻՄ ԱՊԱԳԱՆ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է» խորագրով համահայկական համալիր միջոցառումների շարքը։

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, բարեգործական ծրագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր համերգ, որին մասնակցեցին հայ երգարվեստի սիրված երգիչներ Նառան, Մաշա Մնջոյանը, Էրիկ Կարապետյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Արամ mp3-ին, իսկ երեկոն վարեցին մշտապես կազմակերպության կողքին կանգնած ու սիրված հաղորդավարներ Ժակը եւ Լուսինե Բադալյանը։

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը, ով ողջունելով ներկաներին՝ խոսեց վերականգնողական կենտրոնի կարեւորության մասին։

Վերականգնողական կենտրոնի ստեղծման եւ կարեւորության մասին ցուցադրվեց նաեւ տեսանյութ։

Հիշեցնենք, որ համերգի ողջ հասույթը կտրամադրվի վերականգնողական կենտրոնի ստեղծմանը։

Պատկերասրահ՝ «Իմ ապագան քո արձագանքն է» տարվա գալա համերգ