Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2017
«Մաշտոց-Կոմիտաս». շնորհանդեսից՝ նախագծի իրականացում
Վահան Արծրունին ներկայացնում է համերգային երկու շարքից բաղկացած նախագիծ, որը ներառում է մեսրոպյան շարականներն ու Կոմիտասի բանաստեղծությունները:

Համերգը, որը դեկտեմբերի 4-ին  կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կրում է «Մաշտոց-Կոմիտաս» խորագիրը: Համերգային նախաձեռնության մեջ առկա են ազգային պատմական նյութի եւ ժամանակակից երաժշտական լեզվամտածողության համադրություն՝ 21-րդ դարին համահունչ երաժշտական լուծումներով: Մաշտոցյան շարականը եւ կոմիտասյան քնարերգությունը ներկայացվում են կոմպոզիտոր-կատարող Վահան Արծրունու ստեղծագործական մեկնությամբ:



Նոյեմբերի 30-ին Վահան Արծրունին հանդիպում ունեցավ լրագրողների հետ եւ մանրամասներ ներկայացրեց համերգային ծրագրի եւ գաղափարի մասին: Նրա խոսքով՝ կներկայացվի հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտություն: 

«Կկայանա «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» երգաշարի պաշտոնական պրեմիերան եւ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» շարքի կատարումը՝ նախատեսված ձայնի, փողային նվագախմբի համար: Իրականում դրանք բաղձալի իրադարձություն ու երեւույթ են ինձ համար, որին մի քանի տարի պատրաստվել եմ: «Կոմիտաս. Տասը Հայտնություն» շարքը վաղուց էր ներկայացվել հանրությանը, իսկ «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» երգաշարքը մի քանի փուլ է անցել մինչեւ հանրայնացվելը»,- նշեց նա եւ հավելեց, որ համերգին կմասնակցեն նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (դիրիժոր՝ Վարդուհի Մինասյան), «Շողակաթ» մանկական երգչախումբը:



Վահան Արծրունու հավաստմամբ՝ հիմնական գաղափարը երկու տիրույթի՝ հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտության ներկայացումն է. «Եթե պատկերավոր ներկայացնենք, ապա պետք է պատկերացնենք երկու սյուն, որոնք միավորված են կամարով, որտեղ այդ կամարը հանդիսանում է իմ ստեղծագործական միջամտությունը: Առաջին դեպքում ես մեկնաբանող, գործիքավորող եմ, իսկ երկրորդ պարագայում՝ որպես ստեղծագործող: Ես նման կերպ պարզապես սահմանում եմ իմ հոգեւոր հայրենիքը, իմ երաժշտական իդելաները եւ երաժշտական այն տիրույթը, որն առավել հոգեհարազատ է ինձ, որը նաեւ պարտադրում է որոշակի առավելություն: Այսինքն՝ մենք մեր գանձերը պետք է ոչ միայն Հայաստանում ներկայացնենք, այլեւ միջազգային հարթակներում»:

Նշենք, որ համերգի կազմակերպիչը «Շարմ» հոլդինգն է: