Նյութը՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից
Լուսանկարները՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից
Տեղադրվել է 01-12-2017
Անվճար դասընթաց տնտեսագիտությամբ հետաքրքրվողների համար
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտական լաբորատորիան եւ շրջանավարտների հետ կապի եւ կարիերայի բաժինը համատեղ նոյեմբերի 14-24-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում (ք. Երեւան, Բաղրամյան 24 դ) կազմակերպեց տասնօրյա անվճար սեմինարներ նրանց համար, ովքեր հետաքրքրված էին տնտեսագիտության ոլորտում նոր եւ պրակտիկ գիտելիքների ձեռքբերմամբ:

Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն էր աջակցել գործարար ծրագրերի (start up-երի) հիմնադրման եւ արդյունավետ կառավարման ոլորտում հետաքրքրված անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, տնտեսագիտության տարբեր բնագավառներում ժամանակակից տեսական ու գործնական գիտելիքների ձեռքբերմանը. «Ծրագիրը բացառիկ եւ հիանալի հնարավորություն էր արդիական տեսագործնական գիտելիքներ ստանալու, գործարար հմտությունները զարգացնելու եւ դրանք բիզնեսի տարբեր ոլորտներում գործնականորեն կիրառելու առումով: Կարծում եմ՝ ծրագիրը շարունակական կլինի: 

Ծրագրին կարող են մասնակցել տնտեսագիտության տարրական գիտելիքների տիրապետող այն անձինք (առանց մասնագիտական սահմանափակման), ովքեր ցանկություն ունեն հիմնադրել ու զարգացնել սեփական բիզնեսը եւ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար փնտրում են համապատասխան հնարավորություններ, ինչպես նաեւ հետաքրքրված են ժամանակակից բիզնեսի արդյունավետ կառավարման գործընթացներով»: 

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: