Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-12-2017
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 4-ին ամփոփեց «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները:

3 անվանակարգերում հաղթող մասնակիցներն էին. 
Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա
- «Կենսապլաստիկները՝ որպես կանաչ ապագայի գրավական» (Էմիլիա Սիմոնյան, Աշխեն Արզումանյան)
Կենդանի համակարգեր - «Հայերի պաթոգենում» (Հովսեփ Ղազարյան, Մարիա Նիկողոսյան, Անահիտ Հովհաննիսյան) 
Ճշգրիտ գիտություններ - «Forest Berg» (Մարիամ Ստեփանյան, Ալբերտ Ամիրբեկյան)

Մրցանակաբաշխությունից հետո Eritasard.am-ի թղթակիցը զրուցել է հաղթած գաղափարների հեղինակների հետ: 

«Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա» անվանակարգում հաղթող ճանաչված «Կենսապլաստիկները՝ որպես կանաչ ապագայի գրավական» գաղափարի հեղինակներն ամենակրտսերն էին: 17-ամյա Էմիլիա Սիմոնյանը եւ Աշխեն Արզումանյանը դեռ դպրոցական են, սակայն արդեն զբաղվում են լուրջ նորարարական գաղափարների մշակմամբ: Աղջիկները նախագիծը պատրաստել են մոտ 1.5 տարի: Սրտի խորքում հույս ունեին, որ գուցե իրենց գաղափարը հավանության արժանանա փորձագիտական հանձնաժողովի կողմից:



«Մենք որոշել էինք, որ եթե հաղթենք, ապա գումարը կներդնենք մեր ծրագրի զարգացման համար: Արդեն բանակցություններ ենք վարում չինական ընկերություններից մեկի հետ, որպեսզի նրանք մեզ համար համապատասխան սարքավորում պատրաստեն, որպեսզի մենք կարողանանք մեր տոպրակները պատրաստենք»,- նշեց Էմիլիա Սիմոնյանը:

Աշխեն Արզումանյանն իր հերթին փաստեց, որ մրցույթին մասնակցելը շատ կարեւոր էր իրենց համար, քանի որ կարողացան մեծ փորձ ձեռք բերել, կիսվել իրենց գաղափարով, որը, հույս ունեն, լիովին կիրագործեն առաջիկա 2 տարվա ընթացքում: 

«Կենդանի համակարգեր» անվանակարգում «Հայերի պաթոգենում» գաղափարը ներկայացրած եւ հաղթանակ տարած Հովսեփ Ղազարյանը, Մարիա Նիկողոսյանը եւ Անահիտ Հովհաննիսյանը նշեցին, որ եզրափակիչ փուլ անցնելը մեծ քայլ էր՝ դեպի հաղթանակ տանող: 

«Այս գաղափարի իրագործման համար սկսել ենք աշխատել մոտ 3 տարի եւ այժմ շարունակում ենք ուսումնասիրությունները, քանի որ թեման իսկապես շատ կարեւոր է»,- ասաց Մարիա Նիկողոսյանը:



Նրա թիմակից Հովսեփ Ղազարյանն իր հերթին փաստեց, որ այդ նախագծի հետ կապված ուսումնասիրությունները շարունակելու են իրականացնել ոչ միայն ստացած խրախուսական գումարի, այլեւ տարբեր դրամաշնորհների միջոցով: 

«Բոլոր գաղափարները շատ կարեւոր էին ՀՀ-ի համար: Մենք կարեւորում ենք նմանօրինակ ծրագրերին մասնակցելը, քանի որ ոչ միայն կարողանում ենք ինքնադրսեւորվել, այլեւ ծանոթանալ շատ բանիմաց ու խելացի մարդկանց հետ, որոնց հետ շփումը շարունակվում է նաեւ նախագծից դուրս»,- նշեց Հովսեփ Ղազարյանը:

«Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում հաղթանակ տարած «Forest Berg»-ի ներկայացուցիչ Մարիամ Ստեփանյանը պատասխանատու է նախագծման եւ արտաքին կապերի հաստատման համար: Թիմում աշխատում են նաեւ Ալբերտն ու Վաղարշը: Եռյակը ծրագրին մասնակցում էր ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ: 



«Հաղթանակի ակնկալիքներ կային, սակայն, ինչպես միշտ, 50/50 հնարավորությունն առկա է: Գումարն անշուշտ կօգտագործենք ծրագրի համար: Մենք մեծ թվով սարքավորումներ ենք պատվիրել, որոնց մեծ մասն արդեն հասել է Հայաստան: Կանցկացնենք թեստավորումներ՝ դրանց արդյունավետությունը պարզելու, շտկումները կատարելու համար: Ծրագիրն իհարկե մշակումների դեռ պետք է ենթարկվի, որպեսզի լիարժեք լինի»,- փաստեց Մարիամ Ստեփանյանը: 

Նշենք, որ մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 

Պատկերասրահ՝ Ամփոփվեց 2017 թ.-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը