Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 06-12-2017
Եվգենի Կիսին. ամենասիրված դաշնակահարը վերադառնում է Հայաստան
Մեր երկիր շուտով կժամանի ամենասիրված ու սպասված դաշնակահար Եվգենի Կիսինը: «Երեւանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է Կիսինի մենահամերգով, որը դեկտեմբերի 27-ին տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգային ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի եւ Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից: 

Eritasard.am-ը համերգին ընդառաջ առաջարկում է վերաբացահայտել սիրված դաշնակահարին: 

Կիսինը ծնվել է 1971 թվականին Մոսկվայում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջ՝ աշակերտելով Աննա Կանտորին, ով նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկանում տեղի է ունեցել նրա դեբյուտը. նվագել է Մոցարտի Դաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով։

Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984 թվականի մարտին՝ տասներկու տարեկանում կատարելով Շոպենի Դաշնամուրի թիվ 1 եւ 2 կոնցերտները Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ: 

1987 թվականին կայացել է Կիսինի արեւմտաեվրոպական դեբյուտը Բեռլինի փառատոնում։ 1988 թվականին «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի եւ Վլադիմիր Սպիվակովի հետ շրջել է Եվրոպայում, կայացել է նաեւ նրա լոնդոնյան դեբյուտը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ։ Նույն տարվա Ամանորի համերգին նա հանդես է եկել Հերբերտ ֆոն Կարայանի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. համերգը հեռարձակվել է բազմաթիվ երկրներում եւ ձայնագրվել «Դոյչե գրամոֆոն» ընկերության կողմից։

Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, արժանացել հեղինակավոր մրցանակների: 

Կիսինի մտքերը երեւանյան այցերից

***
Ես լսել էի կովկասյան հյուրընկալության մասին, բայց ես չէի սպասում այն, ինչին արժանացա այստեղ: 

Բնականաբար Հայաստանն ինձ համար այն վայրը չէ, որտեղ ես հնարավոր եմ համարում փող աշխատել: Դրա համար երկրագնդում շատ ավելի հարմար տեղեր կան: 

Ես հասցրեցի լինել Սպիտակ քաղաքում, որի պատվավոր քաղաքացին եմ: Ուրախ էի տեսնել Սպիտակի երաժշտական դպրոցի երեխաներին, ովքեր այն նոր սերունդն են, որ ծնվել են այդ զարհուրելի ողբերգությունից հետո: 

Նիցշեն ասել է, երբ չեն բավականացնում բառերը, սկսվում է երաժշտությունը: Իմ երաժշտությունը Հայաստանի նկատմամբ սիրո արտահայտություն է: Ես լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն ջերմությունը, որով ինձ ընդունում են այստեղ, աննախադեպ է: 

Մրցանակները, իհարկե, պատվաբեր են, բայց չեմ ձգտում հասնել դրանց: Միեւնույն ժամանակ եղել են նշանակալի մրցանակներ, որոնք ստացել եմ առանձնահատուկ իրադարձությունների կապակցությամբ. օրինակ` Հայաստանից ստացած մրցանակները եւ ռուսական «Տրիումֆ» մրցանակը: 

Կան երկրներ, որտեղ հանդես գալու առաջարկները չեմ ընդունում` որոշ քաղաքական նկատառումներով պայմանավորված: Օրինակ` Թուրքիայում ելույթ ունենալու առաջարկները մերժել եմ, քանի որ մինչ օրս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը: