Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-12-2017
Քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում, կոմիտեն դեկտեմբերի 6-ին «Քոչարին» Հայաստանի հայտով գրանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։

Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: 

«Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված եւ ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: «Քոչ» արմատը, որը, ըստ երեւույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» եւ «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից եւ կապված է խոյի պաշտամունքի հետ: 

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը:

Բացի դրանից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանում այս տարի հաստատվել են ՀՀ մշակույթի նախարարության՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս Վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ) եւ «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ) խորագրերով հայտերը, եւ որոշում է ընդունվել դրանք ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019 թթ. օրացույցում: