Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի ՏԾ գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի ՏԾ գրասենյակից
Տեղադրվել է 11-12-2017
Ազատամուտի եւ Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբների նոր նախաձեռնությունները
Տավուշի մարզի Այգեհովիտ եւ Ազատամուտ համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ ակումբները համայնքային ծրագրեր են իրականացնում, որոնց միջոցով լուծում են իրենց բացահայտած խնդիրները:

Նախագծերի իրականացման գործում համագործակցում են տեղական իշխանության մարմինների եւ այլ կառույցների հետ: 

«Իջեւանի երիտասարդական բանկը» դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ էր հայտարարել երիտասարդական այն խմբերի համար, որոնց նպատակն է համայնքային նշանակության գաղափար ներկայացնելը՝ բարելավելով համայնքային կյանքն ու բերելով դրական փոփոխություններ: Ակումբներն առաջին անգամ դիմեցին եւ դրամաշնորհ շահեցին: 

Ծրագրային գաղափարներն ակումբները քննարկեցին նաեւ տեղական իշխանությունների հետ՝ համատեղ ֆինանսավորման համար: Ակումբները, որոնք գործում են «Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ, ՎՎՀ-ի Իջեւանի գրասենյակից նույնպես ծրագրին աջակցելու համաձայնություն ստացան: Արդյունքում դրամաշնորհային գաղափարի իրագործման համար ՏԻՄ-երը եւ ՎՎՀ-ի Իջեւանի գրասենյակը միանալով՝ այն դարձավ եռակողմ ֆինանսավորվող նախաձեռնություն: «Իջեւանի երիտասարդական բանկ» (ԻԵԲ) ծրագրի կոմիտեն դեկտեմբերի 8-ին հայտարարեց  հաղթող համայնքային ծրագրերի անունները եւ ակումբներին հանձնվեցին ծրագրերի պաշտոնական հավաստագրերը: Տավուշի մարզի ութ համայնքներից ստացված տասնմեկ ծրագրերից ԻԵԲ-ի կոմիտեն ընտրել էր երկու ծրագրեր՝ Ազատամուտ եւ Այգեհովիտ համայնքներից: 

«Սպորտը որպես համայնք-ՏԻՄ համագործակցության միջոց» ծրագրի շնորհիվ Ազատամուտ համայնքում ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի Իջեւանի գրասենյակի եւ համայնքապետարանի համատեղ աջակցությամբ կբարեկարգվի Ազատամուտ համայնքի ֆուտբոլի դաշտը:  

«Առավել իրազեկ Այգեհովիտ» ծրագրի շնորհիվ Այգեհովիտ համայնքում ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի եւ համայնքապետարանի համատեղ աջակցությամբ կբարեկարգվեն երկու կանգառներ: Կանգառներում հետագայում կկահավորվեն համապատասխան անկյուններ, որտեղից բնակիչները կտեղեկանան համայնքային, մասնավորապես ՏԻՄ նորություններին՝ ավագանու եւ համայնքապետի որոշումներ եւ այլն: