Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-12-2017
10+1 ամանորյա ֆիլմ
Դրսում ձյուն է, իսկ Դուք, բուխարու կողքին նստած, տաք շոկոլադը ձեռքին ու գեղեցիկ ծածկոցով փաթաթված, ինչ-որ հետաքրքիր ֆիլմ եք դիտում: Չէ՛, սա սցենար չէ. պարզապես Ամանոր է, շուտով արձակուրդ է: Ժամանակն է վայելել գեղեցիկ ակնթարթները՝ ֆիլմեր դիտելով: Eritasard.am-ն օգնության է գալիս: Մենք առանձնացրել ենք 10+1 ամանորյա ֆիլմեր, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել:

«Տանը միայնակ» («Home Alone»)

Ի՞նչ Ամանոր՝ առանց այս արդեն դասական ու սիրված դարձած ֆիլմի: Ֆիլմը մի տղայի մասին է, ում ծնողները նրան թողնում են տանը միայնակ։ Տղայի խելամտությունը նրան օգնում է դուրս գալ այդ անելանելի վիճակից։ Եվ այդ ամենը տեղի է ունենում Ամանորին: Հաջողված առաջին մասին հաջորդեցին եւս հինգ ֆիլմեր, սակայն առաջին մասը, անկասկած, անգերազանցելի է: 


«Իրական սեր» («Love Actually»)

Սյուժեն բաղկացած է տասը զուգահեռ զարգացող պատմություններից։  Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2003 թվականի վերջին՝ սկսվելով Սուրբ Ծնունդից 5 շաբաթ առաջ։ Բոլոր սյուժեների հանգուցալուծումը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ ֆիլմի գործողությունները հետաքրքիր կերպով կապում են ֆիլմի բոլոր հերոսներին։ 


«Արձակուրդ փոխանակմամբ» («The Holiday»)

Այս բարի ու դրական ֆիլմը սովորեցնում է մեզ, որ փոփոխությունները պարզապես անհրաժեշտություն են: Ամեն ինչ սկսվում է այն բանից հետո, երբ բոլորովին անծանոթ կանայք որոշում են ինչ-որ բան փոխել, ծանոթանում են համացանցի միջոցով ու… փոխանակվում բնակարաններով: Եվ նրանցից յուրաքանչյուրը նոր տեղում կդիմավորի հիասքանչ Սուրբ Ծնունդը: 


«Հին Նոր տարի» («New Year's Eve»)

Ֆիլմի հերոսները քաղաքում ապրող մարդիկ են, ովքեր երբեք չեն քնում։ Նյու Յորքի հիվանդանոցում գտնվող տարեց մարդու, քարտուղարուհու, Նոր տարվա շոուի հայտնի պրոդյուսեր Թայմս Սկվերի, մի մարդու, ով տանել չի կարողանում այդ տոնը, ճակատագրերը միաձուլվում են…

Ֆիլմի առանձնահատկությունը հիասքանչ աստղային կազմի ընտրությունն է, ու, դե՛, երջանկահիշատակ Հարի Մարշալը հիանալի ռեժիսոր էր: 


«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» («Bridget Jones’s Diary»)
Պատմությունը սկսվում է Սուրբ Ծննդյան օրը, երբ Բրիջիթը ծնողների տանը ծանոթանում է ամուսնալուծված Մարկ Դարսիի հետ: Սկզբում Մարկը նրան այնքան էլ դուր չի գալիս: Բրիջիթն իր առջեւ այլ խնդիրներ է դրել՝ նիհարել, թողնել ծխելը եւ գտնել արժանի մարդ, բայց ամեն ինչ հանկարծակի փոխվում է: 


«Դիմանալ Սուրբ Ծննդին» («Surviving Christmas»)  

Առօրյա կյանքից հոգնելով՝ հարուստ Դրյու Լեթեմը որոշում է դիմել հոգեբանի խորհրդին, որպեսզի իր կյանքը մի փոքր իմաստալից ու հետաքրքիր դարձնի։ Հոգեբանն էլ նրան խորհուրդ է տալիս գնալ իր մանկության տուն եւ նրա դիմաց այրել մի ցուցակ, որտեղ գրված էր, թե ինչից է նա նեղացել իր կյանքում։ Դրյուն, այդտեղ գալով, որոշում է ժամանակավոր ապրել այդ տանը եւ դառնալ ներկայիս ապրողների հարազատը։ Նրա առաջարկած գումարը գլխապտույտ է առաջացնում ընտանիքի մոտ, եւ նրանք համաձայնում են Դրյուին ընդունել որպես իրենց որդի։


«Սուրբ Ծննդյան նվեր» («Jingle all the Way»)

Ֆիլմի գլխավոր հերոս Հովարդը շատ քիչ ժամանակ էր հատկացնում իր փոքրիկ որդուն։ Սակայն շուտով գալիս է Ամանորը, որը հորը ստիպում է հիշել որդու մասին։ Նրա որդին շատ էր ուզում Տուրբոմեն սուպերհերոսի խաղալիքը։ Հայրը հիշում է դրա մասին, սակայն շատ ուշ էր, քանի որ այդ խաղալիքը վաճառվում է անհավատալի արագությամբ։ Այժմ հերոսը պետք է գտնի խաղալիքը, քանի որ տղան հորը չի ների ցանկալի նվերը չստանալու համար:


«Չորս Սուրբ Ծնունդ» («Four Christmases»)

Բրեդը եւ Քեյթը հանդիպում են արդեն երեք տարի, ապրում են միասին, հաճախում են պարի դասերի, զվարճանում են եւ անցկացնում են սուրբծննդյան արձակուրդը։ Նրանք կատարյալ զույգ են, սակայն դեմ են ամուսնությանը եւ ընտանեկան հարաբերություններին։ Իրենց ծնողների օրինակով նրանք տեսել են ամուսնության բոլոր թերությունները. թե՛ Քեյթը, թե՛ Բրեդը ամուսնալուծված ընտանիքներից են։


«Սուրբ Ծննդյան պատմություն» («A Christmas Carol»)

Ֆիլմում Ջիմ Քերրին մարմնավորում է միանգամից մի քանի հերոսների. երիտասարդ, միջին ու ծեր գլխավոր հերոսին, ինչպես նաեւ երեք ուրվականի: Սա պատմություն է ժլատ մարդու մասին, ով ատում էր ուրախությունն ու տոները: Սակայն այդ մարդը մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ փոխվում է: 


«Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ« («Ирония судьбы или с легким паром!»)

Ամանորը հնարավոր չէ պատկերացնել առանց այս ֆիլմի: Ֆիլմի գլխավոր հերոսներ Ժենյան եւ Նադյան Ամանորին հանդիպում են զարմանալի զուգադիպությամբ։ Մոսկվաբնակ Ժենյան, ըստ ավանդույթի, ընկերների հետ Ամանորի նախօրեին գնում է բաղնիք, ու առաջին անգամ հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն ընկերները նրան շփոթմամբ ուղարկում են Լինինգրադ, որտեղ նա տաքսիով իր Մոսկվայի բնակարանի հասցեով գնում է Լենինգրադի համանուն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացելով դուռը՝ մտնում Նադյայի բնակարան եւ քնում այնտեղ։ Նադյան վերադառնալով իր բնակարանում գտնում է անծանոթ քնած տղամարդու…


Բոնուս. Հարրի Փոթերի ֆիլմեր (Harry Potter)

Եվ վերջում… Ի՞նչ Նոր տարի՝ առանց Հարրի Փոթերի արկածները ներկայացնող ֆիլմաշարը եւս մեկ անգամ վերանայելու: Պատմություն, որը թեեւ Ամանորի մասին չէ, սակայն ամանորյա անցուդարձի անբաժանելի մասն է: 

… Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում եւ գրեթե կիսաքաղց պահում։ Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս՝ աներեւակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները։

Այդտեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր՝ անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք։