Նյութը՝ Մելինե Այվազյանի
Լուսանկարները՝ Մելինե Այվազյանի
Տեղադրվել է 11-12-2017
Հաղորդակցման հմտությունների զարգացման դասընթացներ Չարենցավան եւ Մեծամոր քաղաքներում
Դեկտեմբերի 3-ին Չարենցավան քաղաքում եւ դեկտեմբերի 9-ին Մեծամոր քաղաքում տեղի ունեցավ «Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման եւ համայնքի զարգացման հիմք» թեմայով դասընթաց:

Դասընթացի նպատակն էր Արմավիրի եւ Կոտայքի մարզերի 16-30 տարեկան երիտասարդների շրջանում զարգացնել ինքնաներկայացման, արդյունավետ համագործակցության հմտությունները՝ միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդման համար, եւ հաստատել սոցիալական նոր կապեր:

Դասընթացներն ընդգրկում էին հետեւյալ թեմաները՝ ինքնաներկայացման հմտությունների ձեւավորում, հաղորդակցման գործընթացն ու էությունը, տեղեկատվության փոխանցման գործընթացը, միջանձնային հարաբերությունների ձեւավորում, կապերի ամրապնդում, հույզերի եւ կոնֆլիկտային իրավիճակների ազդեցությունը հաղորդակցման գործընթացում եւ դրանց կառավարում, թիմային աշխատանք ու երիտասարդական մասնակցություն: 

Դասընթացի թեմաները ավելի մատչելի ու ընկալելի դարձնելու նպատակով յուրաքանչյուր թեմայի համար ընտրվել էին համապատասխան թիմային աշխատանքներ, խաղ-վարժություններ, դերային եւ թիմի կառուցման եւ սիմուլացիոն խաղեր, լիցքաթափող վարժություններ, տեսական նյութի մատուցման համար օգտագործվել են PPT ներկայացումներ: Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը նպաստեց ներանձնային եւ միջանձնային հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ինքնաճանաչմանը եւ բարձրացրեց մարդ-մարդ փոխհարաբերությունների կարեւորման նշանակությունը:

Մասնակիցները թե՛ Չարենցավանում, թե՛ Մեծամորում ակտիվորեն եւ ոգեւորված էին մասնակցում դասընթացներին: Նրանք նշում են, որ դասընթացից իրենց սպասելիքներն ու ակնկալիքներն առավել քան արդարացել են, եւ իրենք պատրաստ են ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառել իրենց առօրյա կյանքում եւ համայնքային նախաձեռնությունների ընթացքում:

Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծվել է ֆեյսբուքյան խումբ Չարենցավանի եւ Մեծամորի դասընթացների մասնակիցների համար: Այն կապող օղակ է դարձել երկու մարզերի երիտասարդների համար եւ ոչ միայն  միմյանց հետ շփվելու եւ կապ պահպանելու հնարավորություն  է ստեղծում, այլեւ օպերատիվ տեղեկատվության տարածման, գաղափարների առցանց քննարկման հարթակ է հանդիսանում: Խմբում պարբերաբար տեղադրում եւ տեղադրվելու են տարբեր դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն, զարգացնող կրթական, սոցիալ-մշակութային ծրագրերի եւ դրամաշնորհների հայտեր, լուսաբանվելու են հաջողված պատմությունները՝ որպես մոտիվացիայի գործիք: 

«Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման եւ համայնքի զարգացման հիմք» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական աշխատողների վերապատրաստում» ծրագրի շրջանակում, «Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպություն», «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ եւ «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ի աջակցությամբ: